Հայտնի բան է, երբ էլ որ ժամանակս լցվի, ես էլ գնալու եմ դեպի հավիտենականություն։ Բայց գնալուց առաջ պարտավոր եմ և վերջին պարտքս վճարել. Մեքքե հաջ-գնալ, ուխտս կատարել և պատրաստվել մեծ ճանապարհորդության։ Ես մերկ ծնա, մերկ էլ պիտի երթամ. հետս ոչինչ չունիմ տանելու: Ինձ հայրս, մայրս, ազգականներս և ոչ մի դինարի (1/50 կոպեկ) ժառանգություն չեն թողել. հետևաբար գույքերս բոլորն էլ ալլահի ինձ արած շնորհն է, որը ես երկու ձեռքով պինդ պահեցի։ Որովհետև դուք էլ Վերին տեսչության ինձ տված շնորհն եք, հետևաբար շառի համաձայն կարողությունս ձերն է։ Քույրերիդ ես հասցրել եմ կատարելապես իրենց բաժինները, ուստի ուրիշ ժառանգորդ չունիք, այդ չորսիդ է պատկանում։ Ապրեցեք, ինչպես կամենաք, գործեցեք, ինչ որ առողջ դատողությունը ձեզ կթելադրե։ Այլևս ձեր կարողության գործադրությանը միջամտելու ես իրավունք չունիմ։ Մնացեք խաղաղությունով, ես էլ գնում եմ պարտքս կատարելու և պատրաստվելու հավիտենականին ներկայանալու համար։
Անմիջապես ձիերը դուրս քաշեցին, Աբդուլ-Հյուսեյնը դուրս եկավ, աշտանակեց գրաստին և ճանապարհ ընկավ։ Զավակները իրենց հորը ճանապարհ դրին մինչև Մարանդ, ուր գիշերելուց հետո հետևյալ առավոտ հայրը մեկնեց Ջուլֆա, իսկ որդիները վերադարձան տուն:
Ամբողջ երկու տւսրի Մեքքեում և Մեդինեում ապրեց հաջի Աբդուլ-Հյուսեյնը, աւանց որևէ թղթակցության։ Միայն հաջից վերադարձողները նրա առողջության և վիճակի մասին լուր էին բերում զավակներին։ Նա գիր չէր գրում, իսկ որդիքն էլ երբեք նրան ո՛չ գրեցին, ո՛չ էլ փնտրեցին։ Երրորդ տարին Հյուսեյնը եկավ Քերբելա, որտեղ մտածում էր մեռնել և թաղվել Իմամ-Հյուսեյնի արյունով ողողված դաշտում։ Բայց բախտը այլ կերպ էր տնօրինել, մահը նրանից փախչում էր։ Հազար թուման ծախսի դրամն էլ սպառեց։ Օտար երկրում ծերուկը ոչ կարող էր փող աշխատել և ոչ էլ կզիջեր մուրալ։ Իսկ որդիները նրան ծախսի դրամ չէին ուղարկում և չէին հետաքրքրվում նրա վիճակով:
Մինչ այս անել վիճակումն էր, Քերբելա ուխտի էր եկել իր