ներկատան բանվորներից մեկը, որը, տեսնելով Հաջի Աբդուլ-Հյուսեյնի անել կացությունը, հարյուր թուման փող տվեց և միասին վերադարձան Թավրիզ։ Որքան որ զայրարացած էր ծերուկը իր որդիների վրա, բայց և այնպես խիստ կարոտել էր նրանց, թոռներին և մեծ հրճվանքով քառասնօրյա ձիավոր ճանապարհորդությունը սիրով հանձն առավ և համբերությամբ տարավ։
Կասկած չկա, որ ներկատան բանվորը իր տիրոջը միևնույն հարգանքով ծառայում և խնամում էր ճանապարհին, ինչպես վերաբերվել էր երեսուն տարի նրա գործարանում ծառայած շրջանում և աչալրջությամբ կատարում էր ծերուկի ցանկությունները։ Եվ ուխտավորները օրեցօր մոտենում էին իրենց ծննդավայրին։
Մինչ այդ բանվորը իր ծանոթների հետ թուղթ ու լուր էր ուղարկել Թավրիզ՝ թե՛ իրենց տունը և թե՛ Հաջի Աբդուլ-Հյուսեյնի զավակներին՝ իրենց վերադարձի մասին։ Թավրիզին երկու իջևան մնացած հեռագրել էր, որպեսզի բոլոր գործավորներն ու բանվորները ընդառաջեն իրենց նախկին տիրոջը։ Ամբողջ Միար-Միար թաղում լուր էր տարածվել ծերուկի վերադարձի մասին, և բոլոր դրացիները, ծանոթները, ազգականներն ու բարեկամները պատրաստություն էին տեսել ընդառաջելու իրենց գործարանի տիրոջը։ Ամեն մարդ իր կարողության համաձայն ձի, ջորի, էշ էր վարձել, որ գնան մի օրվան ճանապարհ և այնտեղից հանդիսավորապես տուն դարձնեն Ուխտից վերադարձողներին։
Հաջի Աբդուլ-Հյուսեյնի որդիները հոր հեռանալուց հետո թեև ընտանիքները և տան ծախսերը բաժանել էին, բայց գործը ավելի սերտ կերպով առաջ էին տարել։ Տնական ծախսերը ավելի մեծացրել էին, բայց գործերը այնպիսի րնթացքի մեջ էին դրել, որ տարեկան իրենց ծախսից եռապատիկ ավելի էին վաստակում։ Նրանք չբավականանալով Քալակղեի գործարանով, բացել էին նույնպես մետաքսի և բրդի գորգերի գործարան։ Այս գործարանի մեջ երեք հարյուր մարդ էին բանեցնում և ամսական 40-50 գորգ էին հասցնում Ամերիկա՝ Միացյալ Նահանգները, մի վաճառատուն, որի հետ տասը տարով պայման