Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձավ, որ նա այլևս ո՛չ կրկնեց և ո՛չ էլ պահանջեց, որ կանանոցում իրեն համար սենյակ հատկացնեն, այլ մնաց արտաքին ընդունարանի սենյակում, որտեղ նրան թեյ, ճաշ, ընթրիք էին բերում և օտարական օգնության կարոտ հյուրի նման մենակ էր ապրում։

Ծերուկը իր շինած, կազմած և կահավորած տանը հյուր էր։ Ահա այս պատճառով նա իրավունք չէր համարում որևէ նշանով հասկացնել Աբդուլ-Ալիին, թե նա, եղբայրները, հարսները պարտավոր են իրեն հարազատի տեղ ընդունել։

Երրորդ առավոտ վաղ երկրորդ որդին՝ Աբդուլ-Ռզան, եկավ հոր մոտ և ասաց․

— Հայրի՛կ, գնանք բաղնիք։

Ծերուկը համակերպեցավ։ Բաղնիքումն էլ նրա մորուքն ու մազերը խուզել տվեց, ներկեց, ապա տարավ իրեն տունը, ուր պահեց երկու օր։

Հերթով երրորդ որդին՝ Աբդուլ-Թազին, էլ բաղնիք ու տուն տարավ հորը։ Այդտեղից փոխադրվեց չորրորդ որդու՝ Աբդուլ-Մեհթիի, մոտ։ Որտեղի էլ չեկան հորը տանելու մեծ եղբայրները։ Հաջի Աբդուլ-Հյուսեյնը երեք շաբաթ ապրեց փոքրիկ որդու ընդուրանաում։ Ո՛չ ճաշն էր պակաս, ո՛չ հագուստը, ո՛չ էլ խոսակիցը․ անընդհատ նրա մոտավոր և հեռավոր ազգականները անվերջ այցելում և զբաղեցնում էին։ Երբեմն-երբեմն էլ ճաշից հետո գնում էր շուկա, մտնում էր այն վաճառատունը, որտեղ քառասուն տարի օրն էր մթնեցրել, խոսակցում էր հաճախորդների, գործավորների հետ, բայց և այնպես բավականություն չէր գտնում։ Նրան ընդունում էին ամեն տեղ իբրև անկոչ հյուր, անսպասելի բեռ։

Տանն էլ այնքան գոհունակությամբ չէին խնամում Հաջի Աբդուլ-Հյուսեյնին։ Երբեմն կերակուրը սառն էր լինում, երբեմն սեղանն անմաքուր, ոչ ոք չէր ուշք դարձնում նրա լվացքի մասին, նրա անկողնի սավաններին, բարձի երեսներին, նույնիսկ սրբիչներին։ Ծերուկն անմռունչ տանում էր, սպասելով կատակերգության ավարտին։ Մի օր էլ ճաշը սովորականից երեք ժամ ուշացրին, մի ուրիշ անգամ թեյը սարքող չկար։ Հաճախ երկարում էր ծխախոտի քսակը ծառաներին,