Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղան Ներսես-ախպոր գլխին, ի՜նչ խրատներ չտվեց, որ ժուժկալ լինի, քչով բավականանա, ուրիշի արած բարիքը գիտենա և ոչ ոքի երախտապարտ չմնա։ Նա ասում էր անդադար․

- Ի՛նչ մեծ բան է, որ տղայիդ ուղարկես մի օր գա մեր աթարը կտրե, խո հոգին չի՛ դուրս գալ, ձեոները չի՛ չորանալ։ Ես տանը մի քանի տեսակ ծառաներ ունիմ․ այնքան ձրիակերներ, հացկատակներ կան, որ կարիք չունիմ ուրիշ մարդու։ Բայց թող լինի, պատիվ պահելը մեծ բան է։ Մի օր աղջկադ ուղարկե, թող գա մեր տախտակները լվանա, ինչ վնաս, խո մեջքը չի՞ կոտրի։ Մեր տունը, խո գիտես, մի քանի տասնյակ բան անողներ, աղախիններ կան, մեր սենյակների հատակներն այնքան մաքուր և այնպես ճերմակ են, որ եղ թափես՝ կժողովվի, առանց մի հատը աղտոտելու կամ փչփչանալու․ բայց իմ ասելը, միտքս ուրիշ է։ Պատիվ պահե, որ պատիվդ բարձրանա։ Եթե քո կինը մի օր գա մեր լվացքը լվանա կամ հացը եփե, խո չի մեռնիլ. բայց չէ՞ որ կինս նրա պատիվը պիտի պահե, փոխադարձաբար նրա վրա իր շնորհքը պիտի ավելացնե։

Նիկողոսը ճարպիկ մարդ էր, իսկ Կ. Պոլսում երկար ապրելով՝ լեզվել ու զելվել էր։ Այնքան լեզու թափեց, որ խլացուց Ներսես֊ախպորը, որ մտքում ասում էր․ «Երանի այսօր քեզ պատահած չլինեի․ գլուխդ ուտեր այս թոքը։ Թող ընտանիքս քաղցից կոտորվեր ու դու այս թոքն ինձ չտայիր տուն տա՛նելու»։ Բայց Նիկողոսը խո մարգարե չէր, որ հասկանար Ներսես-ախպոր մտքիցն անցածն ու խոսքը փոխեր։ Նա միայն մի բանի էր ձգտում, որ մարդիկ ասեն, խոսեն, թե կա-չկա՝ էրզրումում մի մարդ կա, այն էլ Ուռում-Նիկողոսն է և ամենքն էլ երախտագիտությամբ խոնարհվեն նրա առաջ։

Երբ հասան Ներսես-ախպոր դռան առաջ, Նիկողոս-աղան կանգնեց ու ասաց․ «Տանդ տեղը շատ լավ է եղել, բայց ափսո՜ս որ շինողներն անտաշ, կոպիտ մարդիկ են եղել․ այնպես չեն կարողացել շինել, որ դարերի դեմ կռվի»։ Ուզում էր այս խոսքերով ծակծկել Ներսեսի սիրտը և իր մեծությունը, հեռատեսությունը ցույց տալ։