− Ափսոս։ Աղջիկներդ գոնե վշտիդ պիտի մասնակցեին, քեզ պիտի կարեկցեին ու ամուսնացնեին, որ ծերության մեջ մի մխիթարիչ ունենայիր։ Հարսը սկեսրայրին այնպես է զննում, ինչպես ուղտը պատառին։
− Ճիշտ ես ասում, բայց աղջիկներիս ես վաղ ինձնից հեռացրի և աշխատեցա, որ նրանք իրենց ամուսնու տունը պաշտեն, աչքերը չտնկեն հայրական օջախի կողմը։
− Այդպես էլ հարկավոր էր, բայց նրանք պետք է կարեկցեին իրենց հորը և թույլ չպիտի տային, որ նա տանջվի…
− Ինձ համար տարբերություն չունի, այժմ ամբողջ աշխարհն էլ իմ զավակներս են։ Կար ժամանակ, որ ես զանազանում էի, բայց այսօր եկել եմ այն համոզման, որ մարդկային կույր եսականությունն է, որ նրան մոլորեցնում է։ Իմ գործարաններիս բանվորները ավելի քաղցր աչքով են ինձ զննում, քան թե հարազատ աղջիկներս ու որդիներս, իմ դրացիներս ավելի զգայուն սրտով են ինձ բարևում, քան թե իմ բանվորներս և արյունակիցներս։
− Այո, մարդ մարդուն քաղցր ժպտով կարող է նայել, բայց ամեն մի զվարթ հայացքի տեր պատրաստ չէ զոհողություն անելու։ Այնինչ աղջիկներդ պետք է որ…
− Ահա տեսնում ես, դու ավելի կարեկից ես անմխիթար հոգուս, քան թե աղջիկներս։ Ուրեմն ես եմ եսամոլ և անձնապաշտ եղել, ամփոփվել եմ ինքս տանս մեջ և չեմ զգացել, որ իմ որդիներս ավելի ագահությամբ են կրծում իմ կուրծքս, մարմինս ու ոսկորներս, քան թե այդ կարող էին անել օտարները։
− Ծառին չորացնում է իր մեջ ընկած որդը, մարդու կյանքը կրծում է իր մարմնից դուրս եկած որդունքը։ Սրանց դեմ կռվել չի կարելի, միայն թե պետք է զգուշանալ և կրքերը չափավորել։ Իմ հայրս ախունդ էր, նա ասում էր, որ սրի խոցից ավելի թունավոր է լեզվի խոցը։ Օտարի հասցրած վերքից ավելի կսկծեցնող է հարազատի բացած վերքը։ Թշնամու և հակառակորդի զարկած գնդակի վերքերը կլավանան, բայց զավակի խփած վերքը գերեզման կտանե։
− Շատ ճիշտ է, անչափ ուղիղ է…