— Եթե անշահախնդիր և անկեղծ կապվենք, իրարուց ակնկալություն չունենանք, երևակայական հույսերով մենք մեզի չխաբենք, կկարողանանք խաղաղ ապրել և իրար բեռ թեթևացնել։
— Ես խոստացել եմ մարդուս՝ նրա բնակարանը և նրա զավակին չլքել։ Խոստմանս դեմ չեմ կարող գնալ։
— Դու դարձյալ ապրիր քո տանը զավակիդ մոտ, ես էլ իմ տանս։ Երբ որ ուզենամ, կգամ քեզ մոտ զրուցելու և մխիթարվելու։ Դու ոտքդ չես կոխիլ իմ դժոխային որջս, որտեղ ցեցերս կյանքս կրծոտում են։ Քո բնակարանը կդառնա իմ սփոփարանս։
— Բայց ես դժվար թե կարողանամ ամոքել հույզերդ, Հաջի-աղա, ես ինքս էլ թշվառ եմ և կարոտ։
— Ես քեզ օրական հինգ շահի (5 կոպեկ) ապրուստի փող կտամ, քեզնից մի բաժակ թեյ էլ չեմ խմիլ։ Քո վաստակը, երեխայիդ բերածը և ամսական իմ քեզ տալիք 7 և կես ղրանը կարող է թեթևացնել քո դառը վիճակը։ Համաձա՞յն ես, գնանք ախունդին, թող սղան (դաշնաղոթքը) կարդա։
— Ուրիշ կին խո չունե՞ս։
— Դու գիտես, որ այրի եմ և տանս մեջ կամ դուրսը ոչ ոքի հետ հարաբերություն չունիմ։
— Ինչ ասեմ, չեմ կարող մերժել ձեր առաջարկը, մանավանդ որ ձեր անունն ու հովանին ինձ կպահպանեն։
— Որ համաձայն ես, գնանք այն մեջիդի ախունդի մոտ, թող այսօր կարդա սղան և գրե քյաբինը։ Հարյուր ղռան քյաբին կկտրեմ։
— Ես ձեր աղախինն եմ, ինչպես որ կամենաք։
— Գնանք,— ասաց Հաջի Աբդուլ-Հյուսեյնը, և նրանք ուղղվեցան մոտակա մզկիթի կողմը։
Ախունդը սղան կարդալուց հետո, երբ այրին երեսը բաց արավ, Հաջի Աբդուլ-Հյուսեյնը մնաց շվարած. ոչ միայն դեռահաս էր ու գեղեցիկ Քյուլսունը, այլ մինչև անգամ աչքերով, ունքերով և քթովը հիշեցնում էր իր հանգուցյալ կնոջը։ Հաջին ախունդից ամուսնական դաշնագիրն առավ, վճարեց մի զռան, հանձնեց կնոջը և միասին գնացին Քյուլսունի տունը։