Ճանապարհին Հաջին քիչ խնձոր առավ, մի ֆունտի չափ էլ քաղցրեղեն վերցրեց, իսկ Քյուլսունը ինքնաեռը դրեց ու մի բաժակ չայ խմեցրեց ամուսնուն։ Քիչ հետո գործարանից տուն վերադարձավ Հաֆերը և գրպանից լոշի մեջ փաթաթված փլավն ու խորովածը մորը երկնցնելով, ասաց.
— Մայրիկ, ինձ այսօր աղան երկու բաժին տվեց, ուստի ես էլ մեկը քեզ բերի։
— Ինչի՞ պիտի երկու բաժին տար։
— Երբ ինձ բաժին տվին, ես բրդուճ շինեցի և գրպանս դրի, որ քեզ համար բերեմ։ Վարպետս տեսավ և ասաց. «Հաֆեր, ինչի՞ չես ուտում, խո հիվանդ չե՞ս»,— «Ոչ, ասի, կուշտ եմ, այս էլ կտանեմ մորս»։ Այս խոսքս որ լսեց աղան, ասաց. «Ջաֆերին մի բաժին էլ տվեք»։
— Ապրին բարեսիրտ մարդիկ․․․
— Մայրիկ, Հաջի-աղան մեր տունն ինչի՞ է եկել»
— Զավակս, ես քու հայրդ եմ,— ասաց Հաջի Աբդուլ-Հյուսեյնը։— Ապրիս, լավ տղա ես դարձել, որ մորդ չես մոռանում։
— Իմ հայրս մեռավ,— ասաց Ջաֆերը ետ-ետ գնալով։
— Նա մեռավ, բայց խո առանց մարդու չի կարելի ապրել։ Հաջի-աղան քո հայրդ է. իմացա՞ր, տղաս։
Ջաֆերը թեև չկարողացավ ըմբռնել, թե ինչպես Հաջի Աբդուլ-աղան իրեն հայր դարձավ, բայց ուրախացավ, որ տունը մենակությունից ազատվել է և ուրախությամբ քաղցրեղեն, խաղող ու խնձոր կերավ, թեյ խմեց։
Հաջի Աբդուլ-Հյուսեյնը իր ամուսնությունը երկու ղռանի մրգով և մի ղռանի էլ մոլյային վճարով վերջացնելուց հետո հանեց կնոջը ամսական 7 և կես ղռանն էլ կանխիկ տվեց և մթնաշողով գնաց տուն։
Ամբողջ երեք ամիս Հաջի Աբդուլ-Հյուսեյնը շարունակ հարաբերություն ունեցավ Քյուլսունի հետ, մխիթարվեց և այնտեղ միշտ խաղաղություն գտավ, երբ իր տանը հարսներն ու զավակները իրեն վրդովում և հուզում էին։ Ոչ ոք չհետաքրքրվեց վեց ամուսնացած այրիների ընթացքով, ոչ ոք էլ չկարողացավ նկատել Հաջիի ելևմուտքը այրի Քյուլսունի տունը։