Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբ Ներսես-ախպարն արտորում էր տուն մտնել, Նիկողոս-աղան էլ ճար չգտավ նրան խոսեցնելու, ասաց.

— Ցանկանում եմ բարի ախորժակ, համով ուտես տժվժիկը։

— Շնորհակալ եմ,— ասաց Ներսես-ախպարր և արագ քայլերով ներս մտավ իր տունը, հազիվ ազատվելով Նիկողոս աղայի ձեռքից։

Մեծ էր Ներսես-ախպոր ընտանիքը։ Կինն արդեն թանը պատրաստել էր, ելավ տժվժիկն էլ եփեց, նստան կերան և հազիվ կշտացած՝ սեղանից բարձրացան։ Մեծ տան զավակներ, տնանկացած, թանապուրով կամ տժվժիկով մի՞թե կարելի էր նրանց կշտացնել… Բայց ամեն բան համբերությամբ տանում էին, և ձայները մարգ չէր լսում։

Իրիկնադեմին, երբ ծանր քայլերով ժամի կողմն էր գնում Ներսես֊ախպարը, որ դիմե իր արարչին, նրա օգնությունը և ողորմածությունը խնդրե, ճանապարհին պատահեց Նիկողոս-աղան և ասաց.

— Բարի իրիկուն, Ներսես֊ախպար, քեֆդ, հալդ ինչպե՞ս է. ինչպես նկատում եմ՝ առույգ֊առույգ ես փոխում քայլերդ, երիտասարդի ուժ ես ստացել։ Ինչպե՞ս էր տժվժիկը, համո՞վ էր, կարգին տապակե՞ց քույրս…

— Շատ օրինավոր, աղա ջան, շատ շնորհակալ եմ, տունս, բոլորս էլ շատ շնորհակալ ենք,— արագ–արագ պատասխանեց Ներսես֊ախպարը, որպեսզի Նիկողոս-աղան տժվժիկի մասին խոսքը թողնե, ուրիշ բանից խոսե, որ չլինի թե ժամավորները լսեն, և նա անարգվի, պատիվը վիրավորվի։

— Երևի լավ ախորժակով ես կերել, կարծես թարմացել ես, գույնդ մինչև անգամ փոխվել է, խո աղը, տաքդեղը, տապակվածքը կարգի՞ն էր,— ասաց զվարթորեն Նիկողոս-աղան, առանց նկատողության առնելու, որ իր ձայնը փողոցից անցուդարձ անողները լսում էին, և Ներսես-ախպարը, զայրույթից կուչ եկած՝ կարծես ուզում էր, որ գետինը ճեղքվի և ինքը մեջն ընկնի։

— Ամեն բան, ամեն ինչ կարգին էր,— ասաց կակազելով Ներսես-ախպարը, որպեսզի մի կերպ վերջ տա այդ խոսակցությանը,