Էջ:Collected works of Atrpet.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առավոտ նրան մնաս բարով ասացի և տնից դուրս հանեցի (Նագլ-խանե)։ Ճանապարհ ընկավ, թե ոչ, դրական պատասխան չեմ կարող տալ։

— Ռզան գիտե՞ ճիշտը,— հարցրեց վալիահթը։

— Նա էլ ինձ հետ էր։

— Ուրեմն վկաների ցուցումները ճիշտ են։ Նա գլխանե արել է, բայց հրդեհը գցելուց հետո է ճանապարհ ընկել։ Այդ դեպքում ես չեմ կարող ձեզ պաշտպանել. գնացեք Ամիրին, նա ձեզ փնտրում է։

— Ղուրբան, մենք այստեղ բաստի (ապաստանի) ենք եկել,— ասաց արտասվակալ աչքերով. Աբդուլ֊Ալին,— հրամայեցեք, ինչ որ ուզում եք, պատրաստ եմ ձեր ամեն մի վճիռը ուրախությամբ տանելու։ Գերուսի դուռը չենք գնալ։ Դուք կարող եք աղիքներս թափել տալ, վիզներս կտրել տալ, կախաղան հանել, տներս կործանել, ինչ որ ուզում եք։ Ստացեք տասը հազար թուման, միայն թե հովանավորեցեք մեզ։

— Այս տասը հազար թումանի գործ չէ։ Քսանչորս կրպակ եք այրել, որոնց շինությունը հինգ հազար թուման արժե։ Ամեն մեկ կրպակի մեջ 500 թումանի ապրանք եթե հաշվենք, տասներկու հազար թումանի ապրանք էլ այնտեղ է փչացել։ Բացի այդ, ասում են ծերունի Սադգը մնացել է կրպակների մեջ, խորովվել է։

— Ղուրբան, ձեր կամքն է, ինչ որ ունինք, բոլորն էլ ձերն է։ Ամեն ինչ պատրաստ ենք ձեզ զոհելու, նույնիսկ մեր կյանքը։ Մենք ձեր ողորմությանն ենք սպասում։

— Լավ, գնացեք, տասը հազար թուման տվեք Մյուջելալին, որ տանի բանկում պարտքս վճարի, հինգ հազար թուման էլ տվեք Ամիրին, որպեսզի Բազարչան շինել տա և այն աղքատ կրպակավորներին բավականացնե։

— Ղուրբան, մենք ապաստանել ենք ձեր դռանը, Ամիրի մոտ չենք գնալ։ Դուք ուղարկեցեք Ամիրին հինգ հազար թուման, որ նա կարգադրե և մեզ հանգիստ թողնե։

— Լավ, Մյուջելալը կտանի, կտա Ամիրին,— ասաց վալիահթը և նշան արավ, որ քիչ հեռանա Աբդուլ֊Ալին։ Այս միջոցին