Էջ:Collected works of Atrpet.djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց Նիկողոս-աղան անպատճառ ուզում էր, որ այն օրվա ժամավորները բոլորն էլ լսեին, թե ինքը մի տասը փարանոց թոք է ողորմացել իր դրացուն՝ Ներսես-ախպորը։

— Ողորմած հոգի մայրս,— ասաց խոսքը շարունակելով Նիկողոս-աղան,— խիստ լավ տժվժիկ էր եփում, այնպես պատվական, որ երբ դռնով տուն էիր մտնում, նրա տապկոցի անուշ հոտից կշտանում էիր։ Այնպես համեղ էր լինում, որ նրա մահից հետո կարոտ եմ մնացել մի համեղ տժվժիկի: Ափսոս հները մեռան, իրենց հետ կարգն ու սարքը գերեզման տարան։ Քանի՜-քանի՛ անգամներ ախորժակս գրգռվել է, սիրտս ուզել է մի համեղ տժվժիկ, բայց եր՞բ կարող են հիմիկվաններն այնպիսի քաղցրաբույր կերակուր եփել։ Բայց քույրս նորերից չէ, նա կարծում եմ, որ լավ տնարար պիտի լինի և համոզված եմ, որ քեզ այսօր անփոխարինելի պատվական տժվժիկ կերցրած է. խո սխալված չե՞մ։ Հը՜, լավն էր, չէ՞,— ասաց ժամի գավթում կանգնելով Նիկողոս-աղան, աչքերն ուղղելով Ներսես-ախպոր երեսին։

— Ինչպե՜ս չէ, ինչպե՜ս չէ, հրաշալի էր,— ասաց Ներսես-ախպարը և շտապեց եկեղեցի։ Բայց եկեղեցում փոխանակ աղոթելու, փոխանակ փառաբանելու, սկսեց գանգատվել իր տիրոջից, թե բավական չէր, որ նրան այդ վիճակի մեջ էր գցել, բավական չէր, որ այդքան զրկանքների և անարգանքների էր մատնվել, այժմ էլ տանջվում էր Նիկողոսի նման մի փառասերի ճանկում։

Հետևյալ առավոտ բազար էր գնացել Ներսես-ախպարը: Սիրտը մի ֆինջան սուրճ խմել ուզեց ու մտավ սրճարան։ Կային այնպիսի բարի հոգիներ, որոնք նրա անցկացրած փառքի օրերից քաջ տեղյակ լինելով, առանց նկատելու, միայն մի ակնթարթով ղայֆաջուն իմացնում էին, որ մի ֆինջան սուրճ տա Ներսես-ախպորը։ Այնպես որ, առանց մարդ իմանալու, առանց մեկի մյուսի գիտենալու, սա, նա մի-մի ֆինջան սուրճով պատվում էին տնանկին և նա, որպես իր գրպանից վճարելով, պատվավոր կերպով հեռանում էր սրճարանից։ Սովորականի համաձայն, երբ սկսեց սուրճը խմել, Նիկողոս-աղան մտավ սրճարան և անմռունչ բարևելով նստավ Ներսես–ախպոր