Էջ:Collected works of Atrpet.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Խա՛ն,— ասաց մի օր Ամիրին,— դու ծերացել, անպետքացել ես, շահը հրաման է ուղարկել, որ քեզ զնդանը գլորեն և որդուդ նշանակեն Ատրպատականի փիշիքար։

— Ո՞վ ասաց. պատճա՞ռը,— հարցրեց ծիծաղելով զառամյալ վարչապետը, որպեսզի խոսացնի վշտահեղձ ծերունուն։

— Ես հեռագրեցի, ես խնդրեցի շահից, որ քեզ գլորե։ Պատճառն այն է, որ դու ցնդել ես, ցնորել ես, տարիներդ խելքդ տարել են։ Այժմ ոչ թե մտածում ես այս ժողովրդի բարօրության մասին, այլ ձգտում ես սև փող ձեռք բերելու, որպեսզի լակոտներդ տանեն շռայլեն շվայտության մեջ։ Փոխանակ արդարության ու բարոյականության ծառայելու, թունավոր օձեր ես սնուցանում, որպեսզի նրանք զորանան, թույն պատրաստեն և աղուեն աղքատ ու անճար աշխատավորներին։ Եթե դու խելքդ կորցրած չլինեիր, պատժել կտայիր չարագործ որդիներիդ և կապահովեիր բյուրավոր և միլիոնավոր հայրերի վիճակը իրենց ընտանիքում։ Քեզ ո՞վ ասաց, որ խելագարվես, եղած֊չեղածը որդիներիդ բաժանես և ինքդ այսօր դատարանների դռները չափչփելու պարտավորվիս։

— Ես սխալվեցա։ Իսկ եթե դու Իրանի զարգացման նախանձախնդիր պաշտոնակալ ես, պատուհասիր անզգամ զավակներին, որպեսզի հայրենիքի կործանման առաջն առնես։

— Բայց եթե երկրի ամբողջ ազգաբնակությունը իր կառավարության հետ դեպի անդունդ է վազում,— ասաց Ամիրը ծիծաղելով,— ես ո՞ր մեկի առաջն առնեմ։ Դու գնացել շառով ու կապալագրով ամեն բան տվել ես որդիներիդ։ Այսօր նրանք քեզ վռնդել են քո շինած տնից, դատավորն ի՞նչ անե, երբ օրենքը նրա ճանապարհը կապկպել է քու կամքով։

— Ո՛չ, դու սխալվում ես. ոչ թե որդիներս են ինձ իմ տանից վռնդել, այլ ես նրանցից փախել եմ, որ կյանքս չկարճեն։ Երբեք ես նրանցից ապրուստ կամ փող չեմ պահանջել կամ բաշխածս չեմ ետ ուզել, այլ կյանքիս դեմ դավաճանողներին, Բազարչան այրողներին, վալիահթին կաշառողներին պատիժ եմ պահանջում, հասկանո՞ւմ ես, աղա Ամիր…

— Որ խելքդ թռցրած չլինես, մի՞թե կարող ես հանդգնել