Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուրս հանեց փայծաղի տոլման, բերեց, սեղանը զարդարեց, և ընթրեցին։

Աբդուլ-Թաղին Թեհրան հասնելուն պես, երբ ներկայացավ սադրազամին, վերջինս Ամիր-Նիզամի զեկուցման համեմատ սկսեց նրան ճնշել, որպեսզի կողոպտե։ Թավրիզում վալիահթը արգելք էր հանդիսացել Ամիր–Նիզամին անարգել շահագործելուն, այս պատճառով էլ Ատրպատականի կառավարչապետը հեռագրով սադրազամին խորհուրդ էր տվել մաշկելու երիտասարդ փախստականին։ Սադրազամն ասաց.

- Եղբայրդ Բազարչան շինել է տվել, այրված ապրանքի տերերին գոհացրել է, այնպես որ այդ մասին գանգատավոր չունեք։ Բայց Սադըգը խորովվել է հրդեհի բոցերում, պետք է նրա արյան գինը վճարել։ Հրձիգության համար յոթ տարի զնդանում ապաշխարել, որպեսզի ուրիշները սարսափեն և իրենց հորը կրակի բոցերին մատնելու ծրագիր չկազմեն։ Աբդուլ-Թազիի շունչը կտրվեց, երբ սադրազամը խիստ կերպով նրանից բացատրություն պահանջեց և սպառնաց կալանավորել։

Երկար սարսափների մատնելուց հետո սադրազամը քսան հազար թուման ստացավ Աբդուլ-Թազիից և ազատ թողեց։ Այս ծանր վճարը, Թավրիզի կաշառներն ու տուգանքները խախտեցին նուխեցիների ֆինանսականը։ Աբդուլ-Ալին կատաղությունից չէր իմանում ինչ անել։ Մանավանդ որ Աբդուլ-Մեհթին էլ Ամերիկայից գործարան ուղարկվելիք տասը հազար ֆունտ ստեռլինգի գումարն ստացել և վատնել էր Նյու-Յորքի ու Չիկագոյի անառականոցներում։ Այս տնտեսական հարվածներն այնպես քայքայեցին նուխեցիներին, որ Աբդու-Ալին ժամանակին վճարումները չկարողանալով հասցնել, Թավրիզի շուկայի մեջ խայտառակվեց։

Աբդուլ-Ռզան չկարողանալով տանել սնանկության անարգ վիճակը, թողեց տուն-տեղ, ընտանիք, կայք և ուղղակի երկու հազար թուման վերցնելով, գաղտնի փախավ Ռուսաստան, որպեսզի այնտեղ մի գործ սկսե, կարողանա ապագային օգնել իր ընտանիքին։ Բայց որովհետև նուխեցիների պահանջատերերի մեջ ռուսահպատակներ էլ կային, և հյուպատոսարանը պաշտպանում էր նրանց գանգատը, ուստի Ստավրոպոլի