Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վաստակել։ Քյուլսունը ոչ միայն անխափան իր ամսական յոթ և կես ղռանը ստանում էր, այլ օրական տասնական շահի ևս (10 կոպեկ) ստանում էր, որ կերակուր պատրաստե ծերունի ամուսնու համար։ Ջաֆերը այնպես առաջ տարավ իր արհեստը, որ նրա հյուսած գորգերը սովորականից հինգ-տասն անգամ թանկ էին ծախվում։ Այս պատճառով էլ նրան այնպես էին վճարում, որ ութ տարեկան հասակում երեսուն տարվան վարպետներից ավելի էր ստանում։

Դժվարացավ Հաջի Աբդուլ-Հյուսեյնի հարսների և թոռների ապրուստն ու կյանքը։ Հարսները ոչ միայն ծախսել էին իրենց գաղածն ու կարասիքը, այլ մինչև անգամ կերել էին իրենց հագուստի և փոխնորդի վաճառքից ստացած գումարը։ Սովը մաշում էր մեծից մինչև ծծկերներին։ Թեև պատանիներին տարել աշակերտ էին տվել զանազան արհեստանոցներ, բայց մանուկներն ու աղջիկները տանջվում էին կարիքից։ Քաղցը նրանց այլանդակել էր. գունատվել, լղարել և ջղայնացել էին։

Մի օր Աբդուլ-Մեհթիի կինը հուսահատ, պատառոտած սավանի մեջ փաթաթված մոտեցավ Հաջի Աբդուլ-Հյուսեյնի կրպակին և արտասվալի աչքերով ասաց.

— Աղա, ալլահի սիրուն, թոռներդ քաղցից կոտորվում են, մի հացի փող և մի կտոր թեյ-շաքար։

— Դու ո՞վ ես,— հարցրեց ծերուկը կասկածելով աղքատի ձայնից։

— Աղա, մի՞թե չես ճանաչում։

— Դու իմ ձեռքից վառելափայտը քաշող Այիշեն չե՞ս։

— Աղա, ես արի, գտա պատիժս, դու խնայիր, կոտորվեցին երեխաներս։

— Առ ու տար,— ասաց ծերուկը նրան երկնցնելով հացի, մսի, պանրի, կանաչի և մրգի այն կապոցը, որ պատրաստել էր Քյուլսունին տանելու։

— Տարեք ու կերեք։ Այս էլ քեզ չայ֊շաքար։ Կերեք, ուռճացեք ու զորացեք, որ այժմս գնաք ու Մեհթիին ծեծեք։

— Աղա, Մեհթիին աստված ծեծեց։ Ահա տարին անցավ, նա Ամերկայից չի կարողանում վերադառնալ, խաբար էլ չկա։ Գլուխը փշրվեր, ազատվեի։