Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամբարտավանություն, լրբություն։ Մի՞թե ես նրանց սովորեցրի հայր ծեծել, հոր բնակարանը հրդեհել, հոր վրա գնդակ արձակել, հոր կնոջը հայհոյել և հոր կնոջ պատիվը անարգելու համար, սրիկաներ ուղարկել նրա տան վրա և իրենց եղբորը բալուլի մեջ փաթաթված մանուկի կյանքի դեմ անգամ դավ սարքել, որ չլինի, թե մահիցս հետո երեխան մեծանա և նրանցից ժառանգություն պահանջե։

«Ո՜չ, ո՜չ մի հայր չի կարող մեղավոր լինել, եթե խնամում է իր զավակներին, մեծացնում է, կրթում է, տքնում է նրանց բարիքի համար և արյուն-քրտինքով դադածը նրանց ժառանգություն է թողնում, որպեսզի ապահովե իր սերնդի, իրենից ծնված որդունքի ապագան։ Զավակներին խնամելը, մեծացնելը, կրթելը սրբազան պարտականություն է. ամեն մի մարդ կարողության չափով պարտավոր է կատարել… Բայց զավակների ապագան ապահովելու համար թողնված կարողությունը… աշխարհը կողոպտելով դիզած գանձը զավակներին հանձնելը… Այո, դա, այդ հրեշային սովորությունը, օրենքը… Այո, եթե ես նրանց ամեն մեկին մի քանի բյուր թուման չթողնեի, նրանք այդ աստիճանի չէին լրբանալ… Հարսը ճիշտ ասաց,— տվիր, առատ-առատ հանձնեցիր, կերան, պատառեցին ու ձրիակերության վարժվեցան։ Այո, այդ կարողությունը եթե նրանք չստանային, այսօր փոխանակ բանտում նստելու, ներկատանը, ջուլհականոցում, կամ կրպակում կծառայեին և իրենց գլուխը կպահեին։ Այո, որդիներին անբավ կայք տալուց, թողնելուց մեծ ոճիր չկա։ Ինչի՞ ես նրանց այնքան հանձնեի, որ նրանք այդպես անբարտավանային։ Իմ ոճիրս նրանց մեղքից ավելի դաժան է… տվի և վարժեցրի…

«Ո՜չ, ես չեմ կարող ոճրագործ լինել, ես հանցանք չեմ գործել, ես հետևել եմ միմիայն աշխարհի օրենքներին։ Մի՞թե ալլահի շերիաթն էլ այդ չի հրամայում։ Ծնողների ժառանգությունը պիտի արվի որդիներին։ Ես ի՞նչ մեղք ունիմ, որ թողի, ես ի՞նչ մեղք ունիմ, որ ալլահն է ինձ այդ հրամայել և օրենք կարգել, որ իմ գույքս ժառանգեն զավակներս։ Ես իրավունք չունեի ղրկելու զավակներիս… Շերիաթի համաձայն ես իրենց հալալ բաժինները տվել եմ. աղջիկներիս առանց խնայելու