Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնայելու, առանց կտրելու։ Ես hաջ գնալուց առաջ գույքիս մի երկրորդ մասը դրամի վերածեցի և հանձնեցի աղքատներին, իսկ մնացյալի մասին ես պարտավոր էի հնազանդել շերիաթին և հատկացնել նրանց… էլ այստեղ ի՞նչ մեղք ունիմ։ Չեմ զրկել, չեմ քաշել, չեմ կողոպտել…

«Այո՛, զրկել եմ, կողոպտել եմ… այո՛, այդ բոլորը… թեև իմս էր շերիաթի համաձայն, բայց դրա մեջ մտել են և այնպիսի գումարներ, որ… քրտնողների մսից, արյունից, ջղերից ու ոլոքներից քաշված հյութեր էին… Ես, ես առուտուրով ծախել, վաստակել եմ, բայց… գնորդներից ավելի քաշելու համար որքան հազար անգամ ալլահի շերիաթի ներհակ եմ վարվել, կեղծել եմ, նենգել եմ, վստահացրել եմ, հավատացրել եմ… Պետության մաքսավորին կաշառել, մաքսն եմ կուլ տվել…

«Ո՛չ, Ռզան, Թաղին փուչ որդիներ չէին։ Նրանք շատ անգամ ինձ անկեղծության դաս են տվել, ես նրանց… ես նրանց վարժեցրել էի շահամոլության… Ես նրանց ստիպում էի թեթևացնել մետաքսը, գործը, ներկը և ավելացնել գինը… Այո, այն հարստությունը թեև շերիաթով իմս էր, բայց խղճով այնտեղ ուրիշի էլ քրտինք կար, ուրիշի էլ աշխատանք կար… Ի՞նչպես ապրանքը կեղծ էր, այնպես էլ արարքս նենգավոր և շերիաթի հարմարեցնումը խարդախ… Ոչ, շերիաթը երբեք նենգ չի աշխարհ եկել, այլ մենք միջոցներ ենք հնարել շերիաթը նենգելու… Եթե ես այն հարստությունը թողած չլինեի որդիներիս, նրանք ոչ միայն այդ աստիճանի պիտի չամբարտավանային, որ այսօր տանջվեին մեկը Ամերիկայում, մյուսը՝ Հնդկաստանում, մեծերն էլ՝ վալիահթի բանտերում.․.

«Եթե ես այն ահավոր գանձը չհավաքեի, այսօր ամենքն էլ մեր մյուս գործավորների նման պիտի աշխատեին, օրականը պիտի ձեռք բերեին և քաղցած չպիտի թողնեին իրենց ընտանիքները, երեխաները… Եթե ես չկողոպտեի շրջապատիս բանվորներին, չարչիներին ու վաճառականներին, Ամիր֊Նիզամն ու վալիահթն էլ չպիտի կարողանային կեղեքել ու կողոպտել Ալիին ու Ռզային…