Էջ:Collected works of Atrpet.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրել էի պարտքից ազատվելու, բայց աստված որ չկամենա, ես ի՞նչ կարող եմ անել… - Այդ չեղավ, մեր հաշիվը ետ գցել չի լինիլ… Դու խո ճանաչում ես մեծ եղբորս՝ Գևորգ աղային, նա չի համբերիլ, մեկ էլ տեսար մեմուրն եկավ տունդ, դուռդ գրելու։ Գործիդ աշե, գնա քաղաք իրեն տես, կարգի բեր հաշիվդ, թե ոչ դու գիտես, հետո կզղջաս։

2

Վարդևանը հնար չուներ Գևորգ աղայի հրավերը լսելու Արզրում գնալու։ Ցանքի գործի ժամանակ էր, այդ օրերի աշխատության արդյունքով պիտի կերակրեր յուր ընտանիքը, պիտի պարտքերը, հարկերը տար և կարգի բերեր տնտեսությունը։ Դժվար էր, անտանելի մշակի դրությունը, փողի՝ կանխիկ դրամի, պակասությունը սպանում թողնում էր։ Դեռ լավ էր, որ Վարդևանի մեծ որդին` Գեդեոնը, Ղարսում հյուսնություն էր անում և տարեկան յոթ-ութը ոսկի էր ճամփում ծնողներին, որով վճարում էին պետական հարկերը, ապա թե ոչ սովամահ կկոտորվեր Վարդևանի ընտանիքը, և հարկահանը վաղուց կծախեր նրա անասունները, արտերն ու տունը, իրեն էլ երկար ժամանակ բանտերի խորշերում փտեցնելով։ Սոսկալի էր Վարդևանի վիճակը։ Ճշմարիտ է, որ նա բանտում չէր։ Սոված ու մերկ էլ չէր, ընտանիքն էլ ուրիշների դռները մուրալու աստիճանին չէր հասել, բայց առանց հառաչելու, առանց մորմոքալու ոչ հաց էր կարողանում ուտել և ոչ քնել անվրդով ու հանգստացնել տանջված մարմինը։ Ամբողջ տարին ցանում, գութնում, քաղում էր, կալսում, վազում, ձգվում, բայց և այնպես էլի կիսակուշտ, էլի կիսամերկ, էլի կարիքի մեջ խեղդված, էլի պարտատերերի ճանկում։ Գեդեոնը նշանված էր։ Երեք տարի էր սպասում էին խնամիները, որ կգնա Վարդևանը հարսին տանելու, բայց տարեցտարի հարսանիքը ետ էր ընկնում, մինչև իսկ Գեդեոնը չէր կարողանում Ղարսից վերադառնալ։ Աշխատանքը այնչափ քիչ էր, որ հարկերը ծածկելու հազիվ էր բավում, էլ ինչպե՞ս գար Ղարսից