Էջ:Collected works of Atrpet.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արզրում , ծախսեր աներ, հարսին նվեր տար և կամ հարսնիք թռներ։

Գալարվում էին հոր ու մոր սրտերը, երբ մտածում էին, որ չեն կարողանում հարսը տուն բերել։ Ծնողական սիրուց ավելի տանջում էր ամոթը, այն միտքը, թե դուռ–դրացի ծիծաղում է նրանց վրա, որ չեն կարողանում հարսը իրենց շեմքից ներս գցել։ Ամեն տարի հույս էին դնում իրենց բերքի, կալի վրա, բայց կալի մեջ այնպես էր ցրվում, այնպիսի ավարի էր մատնվում նրանց հույսը, որ մնում էին շվարած ու ապշած։

Ցանքսերը շարունակվում էին։ Վարդևանը Մելքոնի հետ իրենց երկու լուծ արջառներով չէին կարողանում արտից ու հանդից դուրս գալ։ Անձրևն էլ կարծես թշնամի էր ընկել չարատանջ երկրագործին, բարակ մաղում էր, թրջում գետինը և ուժասպառում լղարած արջառներին ու տերերին։ Դանդաղ էր ընթանում նրանց գործը, մինչև ապրիլի քսանը, տասնհինգ օրվա մեջ հինգ օրավար տեղ (հավասար մոտավորապես հինգ դեսյատինի) հազիվ էին ցանել և տափնել։ Ունեին մի֊երկու օրավար տեղ ևս, բայց հուսահատվել Էին, չէին իմանում ցանել, թե թողնել… Բայց երբ կարող էր երկրագործը ձեռք քաշել հողից, մի օրավարը հաջող տարում տասնևհինգ սոմար (30 չետվերիկ) ցորեն կարող էր տալ, իսկ այդ բերքի գնով ոչ միայն պարտքերը, հարկերը, այլ մինչև անգամ նոր լծկանների կարող էին վճարել… Բայց ռանչպարի հույսը լոկ երազ էր մնում հաճախ և համարյա երկար տարիներում նա յուր ցանածի կրկնապատիկը, եռապատիկն էր հավաքել, որով հազիվ յուր անասունների կերն էր դուրս եկել և իր ընտանիքի սովամահ չլինելու չափ պարենը, իսկ հաջորդ տարվա ցանքսի սերմացուն միշտ կիսատ էր մնացել։

Այդ բոլորը աստծու պատիժն էին համարում, քանի որ ժամանակին անձրևից, կարկտից, չորությունից նեղվում էին ցանքսերը և կամ մորեխը, մանավանդ մուկը կտրատում ու փչացնում էին ռանչպարի դառն աշխատության պտուղը։ Բայց փորձված ծերուկները միշտ կրկնում էին. աղբա՛ր, առաջ էլ կային մորեխ, մուկ, առաջ էլ պատահում էին ամեն տեսակ փորձանքներ, բայց մենք մեկին տասը, գոնե ութը անպատճառ