Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու դիտել: Վարդանի աչքը պլշած մնաց նրանց վրա, մինչև եկան, արտը մտան:

— Աղջիկ, ինչի՞ այսքան ուշացար, մեզ քաղցած թողիր,- ասաց Վարդանը ուրախ դեմքով, դուստրից մի աներկյուղ պատասխան ստանալու մտքով:

— Գարանս ուշացուց: Մեկ էլ որ Մարջանը ասաց «Սպասի՛ր, միասին գնանք»: Ես էլ վախենում էի մենակ գալու, քիչ կեցա, ու մեկտեղ եկանք:

— Վախենալու ի՞նչ կա, ճվաս՝ ձայնդ գյուղ կհասնի, հանդվորները կիմանան, էլ ինչի՞ ես վախենում…

— Մարթան էլ շատ ճվաց, բայց մինչև գեղացվոց հավարի հասնելը, Մահմեդը խեղճ աղջկան լեցաճաք արավ:

Վարդևանը չկարողացավ պատասխանել, նա իսկույն կապոցն առավ աղջկա ձեռքից ու բաց անելով՝ նշխարքի նման բարակ ու սպիտակ հացից բերանը գցեց: Մելքոնը մոտեցավ և մի պատառ հացով մածնի պատկի երեսից սերը քաշեց և կուլ տվեց: Մարջանը հանդի մեջ կանգնած սպասում էր, որ Մարգարիտը նրան ընկերացի մինչև իրենց արտը: Մարգարիտը նրան ընկերակցի մինչը իրենց արտը: Մարգարիտը նրա սպասողական հայացքը զննելուց հետո սիրտ արավ և ասաց դողդողալով.

— Ապա՛ր, Մարջանի հետ գնամ նրանց արտը, մենակ վախենում է…

— Գնա՛, աղջի՛կս, գնա՛, շուտ էլ դարձեք, մի՛ մնաք: Մի վախենաք, գնացեք, աչքս ձեր ետևից է:

Երկու ընկերակիցներն արագ քայլելով հեռացան: Վարդևանը նրանց ետևից դիտելով մնաց նստած տեղը արձանի նման և սրտի խորքից մի դառն հառաչանք արձակեց: Ամպերը հետզհետե կուտակվեցան, մռայլեցին Վարդևանի թախծալի դեմքը, անձրևի բարակ կաթիլների հետ խոնավությունը թափանցեց ռանչպարի մարմնի, ոսկերների ծուծը, և նրա վշտացած սիրտը կսկծացրեց ու մղկտացրեց: Նա երբ յուր լղար արաջառներով կրկին փորձեց ցանքը առաջ տանիլ ու վերջացնել գործը, արոտի կապերը քայքայվեցան ու ցրվեցան, և Վարդևանը շվարած մնաց անձրևի տակ, առանց մի կտոր թաղիքի կամ կարպետի ծածկոցի: