կաշին առանց մորթելու կքերթեն։ Գրեցեք, խնդրում եմ, մի՛ Ժամանակը կորցնե՛ք, ես մինչև որ սրա ունեցածը չունեցածը, պապենական մնացած արտերը աճուրդով չծախել տամ, չեմ հանգստանալ։ Սրա նման օձերի գլուխը պետք է փշրել, որ մնացյալները իրենց պարտականությունը ճանաչեն և ուրիշի իրավունքը կուլ տալու աչք չտնկեն։
− Աչքդ ես գիտեմ, որ արտերիս վրա է, բայց ականջիդ ետևը կտեսնես, իսկ մյուլքերիս կոչանը (купчий) չես տեսնիլ… Անխիղճ, անհոգի, խելքդ, միտքդ խեղճ գյուղացու մի թիզ հողի վրա է։ Աշխարհք շորթեցի՛ր, չկշտացա՛ր, ո՛րի հետ հաշիվ ունեցար, տունը, տեղը, հանդն ու մարգը խլեցիր, մոխրի վրա մանր ու խոշորին թողիր, իրենց էլ առանց ծախու գնելու գերեցի՛ր ու վարեցի՛ր… հիմի էլ հերթն ի՞նձ հասավ: Առաջ ես կտանեմ, իմ ձեռքով որդիքս, կնիկս կմորթեմ և հետո դու էլ ինձ սպանիր ու այնպես զավթիր Վարդևանի հողերը…
− Ի՞նչ ես շատ լեզվիդ տալիս,− ասաց քեհյան խոսքի մեջ մտնելով,− նա քու արտի վրա ինչի՞ պիտի աչք տնկե։ Հող չունի, հողի կարոտ է՞, մարգ չունի, մարգի պետք ունի՞, թե աշխարհի վրա նրան մարաբա՞ է պակաս։
− Ծո՛, դու իմ փողս տուր, ծո՛, դու կարմիր ոսկիս տուր, գլուխդ խռով մնա քու հողդ Էլ, մյուլքդ էլ, բեր փողերս տուր, ես գնամ…
− Ավելորդ խոսակցությունների ժամանակ չէ,− ասաց էֆենդին, − հիմի քեզ հարցնում եմ, այս մարդուն ունեցած պարտքդ անմիջապես կարո՞ղ ես կանխիկ դրամով վճարել, ավելացնելով դրա վրա դատաստանական ծախսերը և իմ ճանապարհի ծախսը վարձիս հետ։ Հակառակ դեպքում, ես համաձայն Արզրումի բիդայեթի վճռի, գիշերս պարտավոր եմ իսկույն գրել և գրավել բոլոր կայքդ ու կարողությունդ։
− Ես բան չունեմ ասելու,− պատասխանեց հառաչելով Վարդևանը,− միայն խնդրում եմ, որ այդ վճռի պատճենը տաք ինձ, առավոտ մեր մոլլային կարդալ տամ և բովանդակությունը հասկնամ, ապա դուք էլ կատարեցեք ձեր պարտականությունը։