Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ետ մնա և ինքդ ազատվիս դատավորների ձեռքից։ Բռնեցեք այդ անօրենին, մի՛ թողնեք շեմքից դուրս գնալու։

− Ո՛չ մի տեղ չեմ գնալ, բայց թող վկա լինի քեհյան, որ դուք առանց բիդայեթի վճիռը ներկայացնելու եք ցուցակագրում իմ կայքս։ Ես արդեն գիտեմ իմ անելիքս, տարե՛ք քաղաք, այնտեղ դատարանի առաջ կխոսիմ ես Գևորգ աղայի հետ, թող նա այս գիշեր յուր ցանկությանը հասնի, իսկ վաղը․․․

− Ահավասիկ բիդայեթի վճիռը, կարգադրությունը,− ասաց էֆենդին կակազելով և ծոցի վճիռքի պատճենը ցույց տվեց ու կրկին ծոցը դրեց։

Վարդևանը դատարանի պաշտոնականի թույլ շարժումներից և բորբոքումներից զգացել էր, որ նրա ձեռքում վճիռ չկա, իսկ երբ իբրև վճիռ ցույց տվեց մի թուղթ ու կրկին ծոցը դրեց, բոլորովին գյուղականի համար պարզվեց, որ դա մի շինծու գործ էր և դրանով ցանկանում էին իրեն նեղը գցել և ձեռքից մի բան կորզել։ Այդ իսկ պաճառով նա ավելի համառեց և պնդեց յուր խոսքը։

− Վարդևան աղբա՛ր, − ասաց մեկ կողմ քաշելով քեհյան թշվառ պարտապանին, − մի՛ պնդիլ և զայրացնիլ անհավատներին, կարող են քեզ վնասել։ Չտեսա՞ր, չիմացա՞ր անօրենը, անխիղճը ինչը զրպարտությունների պոչից բռնեց։ Իսկ խո Գևորգ աղայի գիդե՞ս, նա ամբողջ կարողությունը կդնե, ամեն աղայի գիտե՞ս, նա ամբողջ կարողությունը կդնե ամեն ցած միջոցի կդիմե և քու հախից կգա։

Վարդևանը, վրդովված, թույլ հառաչանքներ արձակելով, լսում էր յուր դրացուն, որի խոսքերը թունավորված սլաքի նման մտնում, թափանցում էին նրա հոգու խորքերը։

− Արի՛, համառությունը բաց թո՛ղ, մի կերպ յոլա գնա՛, խաղաղվիր, պրծի՛ր։ Դու խո չե՞ս կարող Գևորգ աղայի դեմ ասպարեզ դուրս գալ։ Այն գործը, որ լավությունով կարելի է վերջացնել, քանի՜−քանի տեսակ պիտի վնասվիք, որ գեշությունով իրարից վրեժ լուծեք։ Բե՛ր մի բանի կապենք։

− Չեմ կարողանում դատել, ուշքս վրաս չէ, քեհյա, արա ինչ որ կամենում ես։

− Բե՛ր, բե՛ր մի նոր մուրհակ գրենք, մեկ էլ գրավականի