Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թուղթ տուր Գևորգ աղային, ու գործը վերջանա։ Ինչ որ է, ես կերթամ, կխնդրեմ, որ հաշվե ու վրան գալով նոր մուրհակ գրե, մինչև կալ կամ մի տարի ժամանակի…

— Այնքան տվածներից ջոկ նորի՞ց վրան տոկոս գա… Արտերս գրավ դնեմ, որ տունս-տեղս քանդե՞, ինձ էլ մարաբա շինե, յոթ պորտիս իրեն լակոտներին առանց գնելու գերե ու ստրկացնե: Ո՛չ, ո՛չ, թող ինչ ուզում է անե, ես նրան, քանի որ ողջ եմ, և ո՛չ մի ականջ հող կտամ, ո՛չ էլ ճորտ կդառնամ…

5

Գևորգ աղան նպատակին չհասավ, Վարդևանը համառեց և թեև մտրակի տակ ընկավ, ոստիկանն ու դատավորի ներկայացուցիչները նրան մի լավ գզեցին, բայց առանց կարողանալու արձանագրություն կազմել, լուսադեմին պարտավորվեցան հեռանալ։ Քեհյան էլ ձեռքը մնաց դատարկ, թեև պատրաստվել էր մատնել ճշտությամբ Վարդևանի ինչքը: Դառն տանջանքով, վիրավորված և ջարդված մարմնով Վարդևանին յուր տարած հաղթությունը այնքան վսեմ, այնքան բարձր էր թվում, որ չէր էլ զգում մարմնի կապտածների ցավը։ Այդ հաղթանակի քաղցրությունն ու փառքը նրան այնպես էր ոգևորել, որ նա ավելի մի բերդի տիրող զորավարի էր նմանվում այդ օրը, քան թե հասարակ հողագործի։

Ճշմարիտ որ նա այդ օրը Շխնոցի հերոսն էր։ Հերոս, որը ոչ միայն ոստիկաններին, դատարանի գործակալներին դատարկ էր ճամփել յուր դռնից, այլ մինչև անգամ Գևորգ աղայի նման տզրուկին, որ քամել էր ամբողջ Սազի դաշտեցոց արյունը, խայտառակ ետ էր դարձրել։ Որքա՜ն սրտեր այդ օրը հրճվել էին, որքան հոգիներ ոգևորվել և մխիթարվել… Նրանք, որոնք տնքում և տնքացել էին Գևորգ աղայի վաշխառուական ճանկերի տակ, հույսի հառաչներով էին լսել դեպքի մանրամասնությունները։ Որքա՜ն բերաններ օրհնել էին Վարդևանին և այդ անցքի պատճառով անիծել ու երկնքից պատիժներ