տունը տանել։ Հավից հավ, ձվից ձու, գառն ու հորթը, գյադակն ու քուռակը, ամեն բերքը կիսում էր աղան։ Դեռ այդ հերիք չէ, ասրեկտուրից ժողովված բրդից մարաբայի կինն ու աղջիկները պարտավոր էին մանել ու ներկել կարպետ կամ խալի, շալ թե ջեջիմ գործել և տանել աղային հանձնել, սայլերը լծել, անտառ գնալ փայտ բերել, աղային տանել։ Աղբը «բասմա» գցել և աթար կտրել ու կեսը տանել աղային հանձնել։ Դեռ այդ հերիք չէ, մարաբայի հարսն ու աղջիկը գարնան թե աշնան սարն են բարձրանալու՝ ժախ ու զոխ, երիժնակ թե սունկ ժողովելու և ջվալներով աղայի տունը կրելու։ Չի կարելի նկարագրելով հասկացնել, թե ինչ սոսկալի և տաժանելի աշխատանքով ժողովում են գազը, որ տանեն հանձնեն առատարար վառելու աղայի տան թոնիրը։
Բազմապահանջ աղան չբավականանալով այս ծառայություններից, ոչ միայն տեղի-անտեղի առաջարկներ է անում, որ մարաբայի կինն ու հարսը, տղան կամ աղջիկը գնան իրեն տունը, ցորենը լվան, չորացնեն, տանեն ջրաղաց, բնաղունը աղան, կորկոտը թեփից հանեն և դեռ ամբարների ցորենը մաղեն և մաքրեն։ Էլ չգիտեմ ինչ-ինչ ծառայություններ կատարեն, դեռ պահանջում է գյուղացուն հանձնված կայքի, անասունների, գործիքների ու կալվածքի արժեքի փողի տոկոսիքը վճարել իրեն… իսկ ընտանիքը օդով և ջրով կերակրել, ափսոսալով, որ չի կարող և դրանց վրա հարկեր սահմանել։
Այս վիճակից էր խույս տվել Վարդևանը և երբեք մարաբայության հետ չէր կարողանում հաշտվել, չնայելով, որ իրենց գյուղի բնակության մեծ մասը արդեն մարաբա էր դարձել և օրեցօր մարաբա դառնալը անխուսափելի պահանջ էր դարձել գյուղացու համար, կյանքը մի կերպ պաշտպանելու և անկումը քիչ հեռացնելու դիտմամբ։ Վարդևանի սկզբունքն էր, և նա համառությամբ չէր բաժանվում այդ մտքից՝ կամ անկախ գործել և կամ իսպառ չլինել։
Հենց այդ օրերում, երբ ցանքսից ու տափանելուց նոր էին ազատվել գյուղացիք, երբ դեռ բախտ փորձուկ չէին մտել, մի իրիկուն Մանուկը՝ Վարդևանի հարևանը, գյուղի տերտերի և