Էջ:Collected works of Atrpet.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրիշ երկու դրացու հետ դիմեցին Վարդևանի տունը։ Գարանն ու Մարգարիտը բանից խաբար էին, իսկ Վարդևանը հանկարծակիի եկավ։ Տաք օրեր էին, անուշ եղանակներ, աստեղազարդ կապուտակ երկինքը պարզ և լուսնկան առաջի իրիկվորե յուր նորամահիկը ցույց տվել ու աներևութացել էր։ Ներսը գուբ սենյակում կամ ախոռի կողքի սյաքուներում նստելու կարիք չկար բաց օդում, դռան առաջի երկու կողմից տան պատերով պաշտպանված շվաքում էին նստել քարի նստարանների վրա և խոսակցում դրացիները դեսից-դենից:

Վարդևանը այդ օրերը շատ այցելություններ էր ընդունել: Յուր դրացիները դաս-դաս եկել ուրախակցություններն էին հայտնել՝ Գևորգ աղային խայտառակ դռնից ճանապարհելու համար։ Ոչ միայն շխնոցիները, այլ մինչև անգամ մոտակա գյուղացիները, Գևորգ աղայից վառվածները մեկ-մեկ եկել խնդակցել և մանրամասնությունների հետ ծանոթանալով, հեռացել էին։ Արդեն ոչ միայն Սազում, այլ մինչև անգամ Արզրում քաղաքում ամեն փողոցում ու սրճատներում խոսակցում էին Գևորգ աղայի անհաջող խաբեության և Վարդևանի դռնից խայտառակ հեռանալու մասին։ Բանը այն դրության էր հասել, որ Գևորգ աղան ոչ միայն գանգատ էր սկսել Վարդևանի վրա ունեցած տասներկու լիրա պահանջի մասին, այլ տքնում էր օր առաջ պաշտոնյա տանել ու խայտառակել, ստորացնել և քարուքանդ անել մի այդպիսի ըմբոստ շինականի, որպեսզի պատիվը վերականգնի, և մյուս պարտապանները նույնանման քայլեր անելու սիրտ չանեն։ Բայց գործը օրեցօր հետաձգում էին պաշտոնականները, որպեսզի մի բան կարողանան պոկել ժլատ վաշխառուից, որի քսակի բերանը անհամեմատ նեղ էր դրամ դուրս հանելու դեպքում:

Վարդևանը սկզբում սովորական մի այցելություն կարծեց այդ դեպքը, բայց երբ առակներով ու օրինակներով տերտերն սկսեց Մանուկ աղբոր դիտավորությունը հայտնել Մարգարիտին իրենց տունը հարս խնդրելու մասին, մռայլեցավ Վարդևանը, դառն մտքերը և ծանր վշտերը նորոգվեցան նրա սրտի խորքերում, և նա մոլորված չէր իմանում ինչ կերպ պատասխան տալ իրեն այցելուներին։ Տերտերն ու ընկերակիցները