այդ բանը վերագրելով Վարդևանի պատրաստակամության, կամաց-կամաց իրենց պատգամավորության նպատակը պարզեցին և հայտնեցին, թե իրենք վստահ են, որ Վարդևանը չի մերժիլ յուր դրացու հետ այդ խնամիական կապը կապելու։
Բայց այդ առաջարկը սրտի խորքերից խոցեց Վարդևանին։ Նախ, որ նա հիշեց, որ ինքը որպես հայր մի մեծ հանցանք էր գործել յուր անդրանիկ որդու՝ Գեդևոնի նկատմամբ, նրան ամբողջ երեք-չորս տարով նշանած թողնելով և ապա երկրորդ որդու վերաբերմամբ, որի ընկերակցին-տարեկցին արդեն ուզում էր նշանել յուր դրացի Մանուկը։ Բացի այդ, որ նրա աղջիկը արդեն վաղուց էր հասել և յուր նեղությունների պատճառով այնքան տունն էր մնացել, որ շեյխի մարաբա Մանուկը եկել էր, նրան հարս էր խնդրել… Ինքն, որ մարաբայությունից այնքան խորշում էր, եկել էին մարաբաների տուն աղջկան հարս խնդրելու։ Կտրատվեցավ հոր սիրտը, մտածելով յուր զավակների տարաբախտ վիճակի մասին, բայց հնար չէր գտնում դրանց այդ անել վիճակից ազատելու… Հողը պառավել էր, պարարտացնելու միջոց չուներ, անասունները կոտորվել էին, ծախվել, լծկանները ավելացնելու հնար չուներ, փող չկար, գտնելու էլ ո՛չ հնար կար, ո՛չ էլ ցանկություն, իսկ դաժան պահանջատեր-վաշխառուն քիչ թե շատ եղած-չեղածը տանելուց հետո դեռ սպառնում էր…
Մոլորվել էր Վարդևանը, ո՛չ այո և ոչ էլ ո՛չ ասելու սիրտ չէր անում, իսկ Գարանը դռան ետևից, Մարգարիտը պատուհանից անհամբեր սպասում էին պատգամավորների հետ նրա վճռին։ Գոռոզ մշակը չզիջավ, չընկճվեց և հաստատ մնաց յուր գաղափարին։ Երկար երերումներից հետո համառությամբ ասաց.
— Մանուկ աղբար, զուր տեղ ես նեղություն քաշել և այս բարեկամներիս էլ ծանրություն պատճառել։ Ես քեզ մի տարի առաջ ասացի, որ ես ժամանակ չունիմ հարսնիք անելու։ Դեռ նախ իմ որդուս եմ կարգելու, հարսիս տուն բերելու և ապա աղջկաս մասին վճիռ կայացնելու։ Բայց քանի որ բանը այդտեղ հասավ, ես քեզանից խնդրում եմ, որ քու տղիդ համար