Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դու աղջիկ ուրիշ դռնում ման արի, ես աղջիկ չեմ կարող տալ մարաբայի տան։ Եղբայր, ես ճշմարիտը խոսող մի մարդ եմ, հա՛ անասունը, հա՛ մարաբան, երկուսն էլ նույն բանն են ինձ համար։ Քանի որ դու աղաներ ունիս, ո՛չ տունդ քուկդ է, ո՛չ արտդ, ո՛չ լծկանդ, ո՛չ կթանդ, նույնպես քուկդ չեն ո՛չ աղջիկներդ, ո՛չ հարսներդ և ո՛չ էլ կնիկդ։ Ուզում եք ելեք բերանիս զարկեք, բայց տեր ունեցողը, իմ կարծիքով, իրեն սեփականություն չի կարող ունենալ։ Ավելի լավ է աղջիկս դնեմ մորթեմ, քան թե մարաբայի տուն հարս տամ…

Այնպես սառը տպավորություն գործեցին այս բառերը պատգամավորների վրա, որ նրանցից ոչ ոք չկարողացավ պատասխանել։ Երբ դրանք երկար լուռումունջ, միայն տխուր ու աղեկեզ հառաչում էին՝ հանկարծ Գևորգ աղան պաշտոնականներով և ոստիկաններով եկավ, իջավ Վարդևանի դռանը։ Տունը շրջապատեցին և սկսեցին ցուցակագրել նրա կարողությունը…


6

— Խոփը ժայռի դեմ առավ,— ասաց Վարդևանը, երբ սկսեց դատարանի գործադիր վարչության գործակալը մեկ-մեկ արձանագրել նրա կայքն ու անասունները։ Նա թեև ջանում էր դիմանալ և այս հարվածին, բայց մորմոքի սաստկությունից չէր կարողանում զսպել այլայլությունը և արդեն նկատվում էր, որ մոլորությունը նրան տիրել էր։ Երբ գործակալը արձանագրությունն էր կազմում, Վարդևանը բոլոր ճիգը թափեց, մոտեցավ նրան ու ասաց.

— Ինչի՞ եք արձանագրում իմ կայքերս, էֆենդի՛։

— Կգաս քաղաք, բիդայեթում կիմանաս պատճառները։

— Բայց ինձ պետք չէ՞, որ հայտնեք, թե ինչ պատճառով կազմեցիք այս ցուցակը։

— Գևորգ աղային ունեցածդ տասներկու լիրա պարտքի, նրա տոկոսների ու դատաստանական ծախսերի համար։

— Լավ, բայց չէ՞ որ ես այդ տասներկու ոսկի պարտքիս