դեմ վճարել եմ կանխիկ փողով երկու անգամով երեք և երկուս, ընդամենը հինգ լիրա։
— Ստացական ունի՞ս։
— Բայց նա չի կարող ուրանալ, քանի որ ութ օր առաջ ձեզ մոտ, այսքան մարդու մոտ խոստովանեցավ, թե ստացել է։
— Ես ոչինչ չեմ ստացել,— ասաց լրբաբար Գևորգ աղան։— Այն տվածդ ուրիշ հաշիվ էր, ուրիշ գործի համար էր։
— Երկու սոմար գարի, սոմար ու կես ցորեն է տարել, որ նույնպես չորս լիրա արժե։ Չոր լիտր յուղ եմ տարել այս տարի, չորս լիտր անցյալ տարի և տասը լիտր պանիր, որ արժեր երեք լիրա։ Էլ ես քեզ ի՞նչ եմ պարտք։
— Քու հաշվովդ,— ասաց դատարանի գործակալը,— պարտքդ ամբողջապես տվել ես, հապա ինչի՞ մուրհակդ ետ չես ստացել կամ վրան վճարածներդ գրել չես տվել․․․
— Ա՜խ, էֆենդի, մի՞թե դուք չգիտեք, մի՞թե դուք չեք ճանաչում այս անօրենի հոգին։ Միանգամից փող չես ճարում, որ տանես և մուրհակդ ստանալով վճարես և դուրս գաս, օձիքդ ազատես այս տզրուկի ճանկից։ Գյուղացի-մշակ մարդ, կտոր-կտոր փող է ձեռքներս անցնում, իսկույն տանում ենք տալիս, որ պարտքերից ազատվինք, վախենալով քովերս պահել այդ փողը, քանի որ միշտ նեղության և կարիքի մեջ ենք։ Իսկ սրանից խո չե՞նք կարող կտոր-կտոր փող հանձնելիս մուրհակը ետ պահանջել։ Մենք դիր չգիտենք և հավատում ենք յուր խոսքին, թե վճարածներս արձանագրում է որտեղ որ պետք է։ Ես իմ հաշվով, բացի տոկոսից, մի բան պարտք չունիմ այդ անխիղճ ձրիակերին։
— Այդ իմ գործս չէ,— ասաց էֆենդին,— եթե վկաներ ունիս, եթե կարող ես հաստատել, որ այդ փողերը և ապրանքը հանձնել ես Գևորգ աղային, հաստատիր բիդայեթի առաջ, ապացուցիր, այն ժամանակ պահանջատերերիցդ ոչ միայն կստանաս անտեղի ծախսերիդ վնասը, առանց նրան մի փարա վճարելու, այլ մինչև անգամ նրան կարող ես պատժել տալ, բանտարկել տալ։
— Այո՛, ունիմ վկաներ, բայց եթե գան, վկայեն դատարանի