(գդակ), այնպես կուրծք ու մեջքին կիպ փաթաթված էր նրա սև քիշմիրե, էնթարին և սև գոտին, որ ահագին բազմության մեջ նա նկատելի էր ոչ միայն իր մաքուր ու վայելուչ հագուստով, այլ մանավանդ բարձր հասակով, վայելուչ դեմքով, լայն ուսերով ու կրծքով և կտրիճի շարժմունքով: Հազիվ քսանմեկ կամ քսան տարվան լիներ երիտասարդը. կզակի նոսր մազերը հազիվ մեկ-երկու անգամ ածիլած լինեին, իսկ սև ու կարճ բեղերը դեռ մատ բռնելու չափ չէր երկարել։
Երիտասարդը երկար ժամանակ իր վրա հառել տվեց ծպտածների խոժոռ աչքերը, որոնք ուզում էին սլաքի նման թափանցել նրա սիրտը և ծակել, բայց բազմաչարչար հայի զավակը ոչ մի զանցառություն չէր արել, բոլոր հագուստը, կապուստը, կոշիկները, կապերն ու կոճակներն անգամ թուխ, սև գույն էին կրում և հայից անբաժան սուգն արտահայտում։
- Տեսեք, լավ դիտեցեք, մատաղդ լինիմ,- ասաց Խոջան սուլթանին,- տեսեք, թե որքան ընտիր-ընտիր կերպասներ և թանկագին կտորներով է զարդարվել քյաֆիրը (անհավատ)։ Սև են հագնում իբր թե օրինազանցություն չեն անում, բայց այդ քնքուշ գործվածքները մի՞թե վայել է զիմմիին (գույքով, կյանքով պարտական), կարծես պեծեր է թափվում գլխից ու վրայից։
- Ուղիղ է ասածդ,- պատասխանեց սուլթանը,- բայց բան չի կարելի ասել․ ոտից մինչև գլուխ բոլորը սև-սև կտորներով է ծածկված։ Օրինազանց չէ անօրենը։
- Այդ անհավատները կողոպտում են, կեղեքում են ժողովրդին և ահագին գանձեր են դիզում։ Դրանց բոլորովին խնայելու չէ…
- Առանց դրանց էլ մենք բոլորովին կաղքատանանք, կթշվառանանք։ Մեր հասարակական գանձարանը դրանք են լցնողը և ալլահը դրանց մեզ շնորհել է, որ մեր մարմնավոր վայելքների համար աշխատեն։ Թող լցնեն մեր գանձարանը, թող բավարարություն տան իսլամին, ավելացած փշրանքով էլ իրենք ապրեն,– ասաց սուլթանը և դուրս եկավ նավակից։
Նրանք անցկացան նեղ-նեղ փողոցներով և ճանապարհին Լիմոն-Իսկելեի մոտ, մի գինետան առաջից անցկացան։