Էջ:Collected works of Atrpet.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գևորգ աղայի հետ դատը վարելու։ Իսկ Գևորգ աղան յուր որդուն ուղարկել էր գյուղ, որ քավոր լինի Վարդևանի հարսնացուին, որին հարս տանում էր վերջինի հակառակորդը, Գևորգ աղայի դրդմունքով և օժանդակությամբ։ Այս բանը ավելի սոսկալի կերպով ազդեց Վարդևանի վրա, և նա թեև մի քանի վկաներ տարած էր դատարան և ինքը նախապես լավ պատրաստված խոսելու ու պաշտպանվելու, բայց դատավորները անողոք գտնվեցան, նրանք չզիջան լսելու թշվառին, հարստահարվածին ու զրկվածին և վճռեցին, որ Վարդևանը վճարե տասներկու ոսկի Գևորգ աղային, տոկոսով և դատաստանական ծախսերով:

— Վարդևան աղբար, մի՛ համառիլ, մի՛ հաստակողություն անիլ, արի, ինձ լռիր, և ես գործը կարգի բերեմ,— ասում էր քեհյան փսրտալով մի գիշեր հովանոցում Վարդևանին, բոլոր ճիգը թափելով նրան համոզելու։— Դու որքան համառիս, որքան հակառակիս, պիտի քեզ վնասեն։ Դու խո գիտե՞ս, թե ինչ հաստատամիտն է Գևորգ աղան, որ միտքը դրեց, քեզ տնով-տեղով կփչացնե։ Դու արի ինձ լսի՛ր, վնասի կեսից ետ դառնալն էլ մեծ օգուտ է, արի արտերդ տանք ու պրծիր։ Ես այնպես կանեմ, որ էլի քու ձեռքը մնան հողերդ, էլի դու ցանիր ու քաղիր արտերդ…

— Ծո անխի՛ղճ, անհոգի՛, ի՞նչ ես ասում, ի՞նչ ես խոսում… Նրա ուզածն ի՞նչ է, Գևորգ աղան ի՞նչ է երազում, մի՞թե նրա երևակայությունը գիշեր-ցերեկ իմ արտերի հետ չէ։ Ես իմ հողերս ծախեմ, այն էլ թշնամուս հանձնեմ։ Կտանիմ թուրքին կտամ, մեր Մանուկ աղային, շեյխին կտամ, թող մեր Շխնոցը շեյխին փայ դառնա, ես այդ անօրենին ոչ թե արտ, մի թիզ հող էլ չեմ տալ։ Արդեն շեյխը աչք ունի և ինձ քանի անգամ մարդ է ուղարկել։ Թե ծախեմ, շեյխին կտամ, թող դուրս գա Գևորգ աղայիդ աչքը և չտնկե խեղճ մշակի երկու օրավար հողի վրա։ Ես, կյանքս ողջ, արևս վրաս, գնամ ինձ Գևորգ աղայի՞դ ծախեմ, նրան մարաբա՞ դառնամ, մանր ու խոշորիս նրան ստրկությա՞ն մատնեմ… Դու, որ գնացել անձնատուր ես եղել, քառասուն հոգվով աշխատում եք և մի փոր կուշտ հաց չեք կարողանում ուտել, հերիք չէ՞: