Էջ:Collected works of Atrpet.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կիսահաս ցորենի ու գարու կաթնազեղուն հասկերը հազիվ ճոճվում էին։ Լուռ էր երկինքը, և մնջած երկիրը, մարդ ու անասուն, մինչև անգամ գյուղացու միակ հավատարիմներն անգամ ուժասպառ մրափում էին երկար օրվա տևողության մեջ տանջված մարմինները կարճ գիշերում հանգստացնելու համար։ «Հոգնած֊քնած ու մեռածը տարբերություն չունի»,— ասում է շինականի առածը։

Բայց հոգնածությունը կարող է ընկճել զորականին, դադրածությունը կարող է թուլացնել մշակին, քունը կարող է թմրեցնել գիտնականին, իսկ ոչ մի ուժ չի կարող մարել սիրո կայծերը, որը քանի առաջ է գնում, բորբոքվում է, որքան արգելքների է պատահում, արծարծվում է, ինչքան ճնշման է ենթարկվում, այնքան զորեղանում է և նրա համար քունն ու հանգիստը կտրվում են, զօր ու գիշերը հավասարվում։ Այդպես էր Մարգարիտի վիճակը Մանուկի որդու Մնացականի հետ։ Կարծես թե Մնացականը աշխարհի երեսին միայն Մարգարիտի համար էր մնացել և Մարգարիտից ջոկ էլ աղջիկ չէին նկատում Մնացականի աչքերը։ Արգելված պտուղը, անհասանելին, դժվարինը միշտ յուր աստիճանով ամենաքաղցր և ցանկալի դառնալով, իդեալի ձև է ստացել և ձգել, քաշել է մարդկանց սիրտը և բարձրացրել, թռիչքներ է գործել տվել։ Աշխարհի վրա Մնացականի սիրո աչքերով ու կարծիքով Մարգարիտի նման գեղեցիկ, քնքուշ, բարեմասնություններով և ազնիվ հոգվով ուրիշ աղջիկ չկար։ Իսկ Մարգարիտի հոգեկան աշխարհը բովանդակում էր ամբողջապես Մնացականին։ Վարդևանի խստությունը, անողոքությունը և բռնակալությունը միայն սաստկացրել էր սիրահարների սերը, նրանք էլ ջերմ սիրով կապվել էին և ավելի հետամտել իրար հետ ժամեր, երկար ժամեր անցկացնելու, վշտակցելու և մխիթարվելու։

Մեջգիշեր չեղած սիրահարները դուրս էին գալիս և այնպես վարժվել էին որոշ ժամերին, որ Մնացականը դեռ չհասած որոշված վայրին, Մարգարիտը լուսամուտից դուրս էր գալիս նրան դիմավորելու։ Օրեցօր կարծես գեղեցկանում էր Մարգարիտը, և տխրության քողը, արտասվախառն աչքերը նրան ավելի բոցավառում ու քնքշացնում էին։ Վիշտը նրա