Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտածում, ինչի՞ պիտի մարի քու աստղը ու թաղվի, դեռ նա շատ-շատ է բորբոքվելու ու բոցափայլելու ինձ համար, Մացակիդ համար։

— Այո՛, փլփլալու է, փլփլալու և հանգչելու։ Ո՞վ մեզի կտա բոցերով ու շողքերով աստղ։ Լավ աստղ որ ունենայինք, քաղաքում կծնվեինք և բախտավորների նման կցոլայինք, շողք կտայինք, բայց պարտքատեր մշակի աղջիկն ու մարաբայի որդին ինչի՞ պիտի բոցերով փայլատակին… Սև սուգն էլ մեզի շատ է տեսել անողորմ բախտը, լացն ու կսկիծն է մեզ բաժին ընկել…

— Ես մեղավո՞ր եմ, հոգիս, որ մարաբայի զավակ եմ դարձել, ես մեղավո՞ր եմ, որ հայրս չկարողանալով պապենական մյուլքը պաշտպանել, տարել ծախել է շեյխին և ինքն էլ նրա մոտ ստրուկ է դարձել։ Հորս մեղքի համար ե՞ս պիտի տուժեմ… Հորս սխալանքի, թե հիմարության համար ի՞նձ պիտի դատապարտեն, քեզ գրկիցս խլեն… մեր սերը խեղդեն…

— Բանն այնտեղ է, որ իրենք գործել են սխալը, իրենք իրենց աններելի հանցանքով գլորվել են խորխորատը, վրեժները իրենց նենգամիտ հակառակորդից ու թշնամիներից չեն կարողանում լուծել, եկել են մեզ տանջում, մեզնից են ուզում, կարծես, վրեժները լուծել։ Ո՞վ ասաց քու հորդ, որ օդան ու ախոռը շինելու համար երթա քաղաք, շեյխից հազար ղուրուշ պարտք անե, թե ինչ է Շխնոցի մեջ գլուխ ցույց տա, խոսացնել տա, թե Մանուկը մի այնպես օդա, մի այնպես ախոռ շինեց, որ մեր գյուղում նմանը չկա… Բայց հետո մեկ օդա ու ախոռի համար մեկ օջախ կործանեց, պապենական մյուլքերը շեյխին հանձնեց։ Ահա այսօր մեր տունն էլ այդ օրը չէ ընկնելու։ Գարանս հարյուր անգամ ասաց. Վարդևան, մենք մի լուծ գոմեշի կարիք չունինք, մեզ պետք չէ՛, որ դու պարտքով լրացնես գութանիդ պակասորդը։ Համբերի՛ր, աստված երբ գործիդ հաջողություն կտա, կալերդ լիբ-լիքը բարով կլցվի, հաջող կծախես ամբարիդ ցորենը, փողը գրպանումդ կլցվի, այն ժամանակ մեկի տեղ երկու լուծք առ։ Բայց չէ՛, կնկախոսքը տղամարդը ինչի՞ պիտի լսե։ Լուծը ծախվեց, մյուս լուծն էլ հակառակի նման քաղցից կոտորվեց, կալը դատարկեց