Էջ:Collected works of Atrpet.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտավ և Մարգարիտին յուր վերմակի մեջ պլլված, պառկած նկատելով, հանգստացավ, գնաց ինքն էլ տարածվեց յուր անկողնում, բայց խաղաղ քունը չմոտեցավ Վարդևանի աչքերին, և նա մինչև լույս ալեծուփ թափառեցավ երևակայությունների մեջ, կամա֊ակամա զիջավ, ընկճվեց հանգամանքների առաջ։

Օրերը իրար ետևից գլորվում էին, և ցերեկը աստիճանաբար երկարում։ Հորդ անձրևները ողողեցին և սար ու ձոր դալարներով ծածկեցին, այնպես որ տարին մեծ հունձ էր խոստանում։ Մշակը, հողագործը հրճվում էր դիտելով յուր քրտնաթոր վաստակով ցանած արտերը։ Այնպես ցողուն էին տվել ցորենն ու գարին, այնպես լիք հասկեր էին տվել ու լցվել, որ անցորդի քեֆն էր գալիս և գննելուց չէր կշտանում։ Վարդևանի արտերը մեծառատ բերք էին խոստանում, այնպես որ ընկճված ու միջավայրի առաջ խոնարհած երկրագործը դարձյալ ձգվեցավ, նորից հպարտացավ, կրկին երազեց յուր անկախությունն ու ազատությունը։

֊ Մի քսան սոմար ցորեն, պարտքից էլ կպրծնիմ, խարշից էլ։ Գեդևոնիս բերեմ, այնպես աղջիկ առնեմ, այնպես հարսանիք անեմ, որ խնամիներիս սիրտը ճաքի։

Վարդևանի ոտքը արտերից չէր կտրվում, թեև մոտկամ էր մտել և հերկ էր վարում դրա ցիների հետ, բայց ազատ ժամանակները անցնում էր հանդով, հասնում էր յուր արտերը և նրանց կողքով անցկենալիս այնպիսի վեհ դիրք էր բռնում, որ կարծես ինքն ստեղծած լիներ այդ բոլորը։

— Ա՜խ, մեկ քաղեի, մեկ կալս կրեի այս բարին, ես ցույց կտայի Գևորգ աղային, թե ի՞նչ է նշանակում արտերս գրել տալը։ Ինչի՞ չունենա մարդ տասը֊տասնհինգ ոսկի, տանե առաջը գցե ու ասե. շու՛ն, առ, այս է քու ուզածդ, ա՛ռ կե՛ր, ա՛յս էլ կեր, աստծու կրա՛կն էլ։ Հինգ ոսկու փոխարեն տասնևհինգ ոսկի կերել Է, չէ կշտացել, աչքը դրել է արտերիս։ Անիծված, փողի խնդիր չէ՞, փո՛ղ չէ՞ ուզածդ, առ տասնևհինգ ոսկի էլ, և թող քեզ ու քու ընտանիքի համար այդ փողը դեղի ու դեղտուրի բաժին դառնա։ Իմ դառն քրտինքով դատածս, իմ մանր ու խոշորի աղի արտասուքով