Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասնակցում էին հնձին։ Ուրախությունը ընդհանուր էր։ Խուրձ կապողները թռչկոտելով հասնում էին գործի և դաշտի մեջ կարգավ բլուրների նման բարձրացնում էին քաղված խոտի դեզերը։ Հուսահատ մշակը ոգևորված առատ բերքով, ոչ միայն քրտնաթոր վազում էր գործին, այլև ընկճված, մորմոքած սրտերը ուրախությամբ զեղված, դուրս էին մղում հոգու խորքերից զգացածները օդը թնդացնող երգերի ձայներով։ Մրմունջները, հառաչանքները արտահայտելը արգելված էր, իսկ ցնծությունները սանձելու կարիք չունեին մշակները։ Մի՞թե կարող է մշտաչարչար հոգին հուսալի րոպեներում զսպվել մանավանդ դեռահասի կրծքում, որը հուսախաբ բախտի տատանմունքներին չէ մատնվել և չէ փորձվել։ Երբ որոտընդոստ ձայնով երիտասարդներն ու պատանիները զնգզնգացնում էին ամբողջ դաշտը և նրանց արձագանք էին տալիս հեռավոր լեռները, մի փորձառու ծերուկ հնձվոր ասաց․

— Արևը սաստիկ կծում է, երևի անձրև և հորդ անձրև է գալու։ Աղջիկնե՛ր, թան չունի՞ք կամ մի թաս մածուն չունի՞ք, տվեք, չախլամա անեմ ու խմեմ։

Ծերուկին տվին պահանջածը, և շատ չանցած սկսեցին մռայլ ամպերը Գյավուր-Դաղից դեպի հարավ շարժվել և շուտով ծածկեցին հորիզոնը։ Մռայլեց երկինքը, կուտակվեցին ամպերը, բայց արևը կարծես բոլոր ուժը ամփոփած, ուզում էր աներևութացնել այդ արծաթափայլ երկնային քուլաները և անընդհատ ամպերի ճեղքից տարածում էր յուր ոսկեփայլ ճառագայթները։ Մեկ-մեկ կաթկթում էր թաթավը, տեղ-տեղ հոսում էին անձրևի լիք-լիք գնդիկները, և քամին ընդհատում էր նրանց։ Հանկարծ նորից դիզվեցին ամպերը, փայլատակեցին, մռայլեցին և սոսկալի մռնչյուններով որոտացին ամպերը, սարսափ սփռելով կենդանի աշխարհում։ Կաթկթեց թոնը, ընդհատվեց, հորդ սահեցան և անձրևի հետ վար թափվեցան կարկտի խոշոր հատիկները։ Եվ ի՜նչ սոսկալի կարկուտ, ամեն մի հատը կակալի, ձվի չափ, կապարի նման ծանր, սայթաքում և դիպածին ջարդուփշուր էին անում։ Ամբողջ ժամ չտևեց, բայց դաշտումն էլ բարի չթողեց, ցանքսերը հողի հետ հավասարեցրեց, տրորեց ու փշրեց։