Ամբողջ Սազը սպիտակ սավանով կարծես ծածկվեց, դաշտը ողողվեց ջրով ու կարկուտով։ Հանդում գյուղացիք պատսպարվեցին իրենց խոտերի դեզերի մեջ, բացօթյա մնացողներից շատերը, մինչև ապաստանի հասնիլը, վիրավորվեցին կարկտի հատիկներից։ Կարկուտի դադարելուց կես ժամ անցած դեռ ոչ ոք սիրտ չէր անում դուրս գալ խոտերի դեզերի միջից, իսկ այնտեղից դիտելով արտերի սոսկալի վիճակը՝ սկսեցին մորմոքալ։ Շխնոցի արտերը մեծ մասամբ անխնա տրորվեցին այդ անողորմ հարվածով, և կենդանի զոհվեց թշվառ շինականը, այնպես որ ապրուստի միջոցը կտրվեց, և ամենքն էլ սկսան անմիջապես ողբալ իրենց զարհուրելի վիճակը։ Հուսահատվեցին ծերերն ու պառավները, լքան դեռահասները, և տխրությունը պատեց բոլորի սիրտը։
Տղմի, ցեխի ու ապականության մեջ է՛լ չէր կարելի աշխատել, դատելու էլ սիրտ չմնաց։ Առին գերանդիներն ու գործիքները և թախծալի դեմքով, համր քայլերով ուղղվեցին դեպի գյուղ լռիկ, մնջիկ։ Հուսահատ, փորձանքը այնպես էր ազդել, այնպես վհատեցրել և կյանքը դառնացրել թշվառ հողագործի որ չապրողներին երանի էին տալիս իրենց մտքում։ Վարդևանը այնպես էր թուլացել և մոլորվել, որ կորցրել էր խելքը, միտքը, չէր իմանում, չէր զգում շուրջը անցած-կատարվածները։ Երբ աղիողորմ հառաչներ էր բարձրացնում ու շնչասպառ տքում, մոտեցավ նրա հարևան Մանուկն ու ասաց․
— Հա՛ն, Վարդևան աղբար, ա՞յս էլ քրդերն արին, ա՞յս է թուրքերն արին, այս էլ վաշխառուներն արին… Աստված մեզնից ձեռք է քաշել, ձեռք… Եթե աստված չի կամենում մեր գործի հաջողությունը, ես ի՞նչ անեմ, դու ի՞նչ անես։ Բացի տանջանքից, բացի սովամահ ու ցրտահար չարչարանքից, ուրիշ բաժին մեզ չի թողել։ Դու ի՞նչ ուզում ես արա, որ կողմն ուզում ես ձգվիր, նա, որ չկամենա, մեկ էլ տեսար մի կողմից թրըմփ՝ գլխիդ զարկեց ու տեղոց-տեղ քեզ չորցրեց։ Ես ի՞մ կամքովս մարագա եղա, քո՞ւ կամքովդ դու Գևորգ աղայի ճանկն ընկար… Ո՛չ, ո՛չ, նա մեզ պատմելու համար գլորեց այդ բոցերի մեջ և պիտի մնանք, քանի որ նրա բարկությունը չի իջել…