Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ծպտյալները նկատեցին որ ներսը՝ գինետան մեջ, հույները հարբել, երգում էին, նվագում ու պարում․ նրանց բարձրացրած աղմուկն ու ժխորը տարածվել էր մինչև անգամ մոտակա բոլոր փողոցները։ Սուլթանը ուշի֊ուշով լսում էի Խոջայի բոլոր նկատողություննորը, որ երբեք չեր դադարում իր կրոնական պարտականությունները կատարած լինելու համար հայտնել անհավատների բոլոր պակասությունները, ամենախիստ գույներով և ամենակծու ոճերով ու բառերով։ Նրանք անցան Ուզուն Չարշիից, բարձրացան ահագին զառիվերը և մտան Բեզեզթան։

- Ահա իրար ետևից և մեր քաղաքի բոլոր ապականված վայրերը, - հառաչելով ասաց Խոջան և, մի քիչ խորհրդավոր կերպով լռելուց հետո, ավելացրեց․

- Գինետան գարշելի ձայները դեռ չեն հեռանում ականջիս միջից, հարբած հույների պատկերները չեն ջնջվում աչքիս առաջից։

- Գարշելի ու նողկալի տեսարան։ Դրանց առաջն առնելու է, - ասաց սուլթանը մտախոհ՝ քայլերն ուղղելով դեպի Սուլթան-Բայազեթ։

-Այդ անօրեն մուրտառները իրենց գինիով ապականում են բոլոր փողոցները, փչացնում օդն ու ջուրը և իսլամի բարեշնորհ հավատացյալների կյանքը դառնացնում։ Փողոցներում ամեն մի իսլամ անօրեն հարբածներին պատահելիս շունչը առնում է, հագուստը փալասներին դիպչելով՝ պարտավորվում է բաղնիս գնալ մաքրվելու համար, գոնե կրկին անգամ լվացվելու, որ կարողանա մաքուր սրտով, խաղաղ խղճով աղոթել։ Ինչպե՞ս մզկիթներում կամ իրենց խանութներում հանգիստ սրտով աղոթեն հավատացյալները, երբ փողոցներում և գինետներում հարբած անհավատները խոզի սոսկալի աղաղակներ են բարձրացնում։

Իսլամի նախանձախնդիր աշակերտը՝ Խոջան, իր անվերջ չարախոսություններով խլացնում էր իր գահակալ աշակերտին և նրա սիրտը լցնում ատելության սոսկալի թույնով։ Սուլթանը մտածում էր, թե ինչ դիրք բռնե։ Նա գինետները չէր կարող փակել, քանի որ նրանք ահագին էին տալիս իսլամի հասարակական