― Է՜հ, ի՞նչ ես դուրս տալիս, ի՞նչ ես հիմար-հիմար քարոզներ կարդում։ Նա մեզ խելք է տվել և ազատ կամք, որ մենք մեր գործերը կարգադրենք ու կառավարվինք։ Մենք որ հիմար ենք, մենք որ տգետ ենք և գլորվում ենք անդունդը, նրա դեմ էլ ինչի՞ մեղանչենք և մեր բոլոր տանջանքները նրան վերագրենք։ Եթե դու փառասիրությանդ համար չգլորվեիր շեյխի դուռը, պարտք չառնեիր, ինչի՞ այսօր պիտի նրա մարաբան դառնայիր։ Եթե ես չագահանայի, գութանս մեծացնելու չձգտեի, համբերեի, ինչի՞ պիտի Մեղրենց լակոտները ինձանից հինգ լիրայի փոխարեն տասնևհինգ լիրա առնելուց ջոկ՝ տասնևհինգ լիրայի էլ վճիռք ձեռք բերեին։ Մենք միշտ մեր խելքի ծայրից ենք կործանված և պիտի կործանվինք։ Եթե աստծու մեզ տված շնորհքը խելացի կերպով բանեցնենք, ինչի՞ պիտի հուսահատ օրերի մեջ մնանք։ Դեռ հինգ տարի առաջ ամերիկական ընկերության մարդը եկավ, խնդրեց, աղաչեց, համոզեց, որ մենք տարեկան մի թեթև հարկ տանք, մեր արտերը, կարկտի ու մկի դեմ ապահովենք։ Ես այս տարին քիչը քսանևհինգ սոմար ցորեն ունեի վերցնելու։ Եթե մի սոմարի գինը՝ մի լիրա, ամերիկացուն տայի, այսօր կգնայի, նրան կբերեի և արտերիս վիճակը ցույց տալով, քսանևհինգ լիրաս կանխիկ կստանայի։ Բայց մենք իրար աշելով նորությունից փախչում ենք, պապերի ճամփից դուրս չենք գալիս և այս տեսակ դեպքերում միշտ մեղքը բարդում ենք մեր բախտի վրա։
Նրանք էլ ամեն բան խոստանում և ոչինչ չեն տալիս, բոլորը խաբեություն է։ Մակարյանը կյանքը ապահովցուցած է եղել երկու հազար լիրայի, ահա հինգ տարի է ժառանգները մի ստակ էլ չեն ստացել։
— Այդ սխալ է, նա տասը տարի շարունակ վճարել է ապահովավճարը, վերջին տարին տված չի եղել, հայտնի բան է, չէին էլ տալ։ Թող վերջին տարվանը վճարած լիներ, տեսնեիր, թե ինչպե՜ս պիտի լվլվաիյին նրա աղջիկները այդ հազարների մեջ։ Մերոնք, անհամբեր կովի նման, կաթը կտան, կկթվին, երբ կովկիթը կլցվի, կից կտան ու կաթը կթափեն։
Ինձ Յանգյանն ասաց, որ եթե ուզենամ ո՛չ թե մինակ կարկուտի