Էջ:Collected works of Atrpet.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մուկի, այլ մինչև անգամ հրդեհի դեմ կարող եմ ապահովել բերքս, մինչև տուն կրելս։ Արդեն քրդերը, թրքի լամուկները քանի՜-քանի՜ անգամ արտերիս կրակ են տվել, դեզերս են վառել և կալերս են մոխիր դարձրել։ Այն որ պիտի տանք աշարին, էղնամին, պահապանին, բեգին ու շեյխին, իրիցուն ու միանձնին, տանք մի փոքր էլ ամերիկացուն և հանգիստ ապրենք, սրտերս խաղաղենք, ի՞նչ կորուստ կունենանք։ Բայց չէ, մեկ որ մարդու թամահ է, մեկ էլ որ պապս չի արել, դրացիս չի արել, ես ինչի՞ պիտի անեմ։

— Տա՛նք, տա՛նք, բայց մեզ ի՞նչ պիտի մնա, որ տուն պահենք, մանր ու խոշոր կերակրենք, հագցնենք և ցանքսի էլ բաժին պահ ենք։ Թողնու՞մ են, որ ազատ շունչ առնենք և մի բան ետ գցենք սև օրվան չմնալու համար։

— Ա՛յդ ասա, այդ մասին գանգատվե, տե՛ս, դրա դեմ բան չունիմ ասելու։ Օրենքով մեր բերքի տասից մեկն ենք տալու աշար, մյուլթեզիմը հնգից մեկը վեր է առնում ու էլի չի կշտանում։ Դեռ հլա պիտի կերակրենք մյուլթեզիմի հինգ-տասը ծառաներին և ձիաներին ամիսներով։ էղնամը ամեն անասունից պիտի տանի երկու ղուրուշ, երեք ղուրուշ, տանում են հինգ-տասը, էլի աչք են տնկում մեր մատակների, հորթերի և գառների վրա։ Հազար խնդիր տուր, թե հայրդ մեռել է, եղբայրդ կորել է, ծնված երեխան յուր երրորդ ամսում մահացել է, հարկահանը չի լսում, հիսունհինգ ղուրուշի փոխարեն վաթսուն է պահանջում ամեն մի մեռած, թե կենդանի արարածի համար։ Կաշիդ դուրս գա, տանջվի՛ր, այրվի՛ր և մորմոքա, մինչև չտաս, դռնիցդ չի հեռանալ անհոգի պաշտոնականը։ Քեհյային տու՛ր, հոգեբաժինը տո՛ւր, տուր ու տուր։ Հապա վաշխառուն․․․․ մեկին տասը տուր․․․

— Տո՛ւր ու տո՛ւր, հիմի էլ ապահովության համար ամերիկացուն տո՛ւր…

— Չես տալ՝ չե՛ս ապրիլ, կտաս՝ սովա՛ծ կմնաս, տկլո՛ր կմնաս…

Դարձյալ լռեցին դրացիները, դարձյալ մնջեցին, մտքերով խորասուզվեցան վշտերի դաշտը և ընկղմեցին։ Միայն շնչառություններն էր լսվում և երբեմն-երբեմն էլ տխուր ու թույլ