Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հառաչում էին։ Վերջալույսի վերջին ճառագայթներն էլ թռան Սաղի դաշտավայրից, Փալան-Թեոյանի լանջերից ու գագաթներից և արևն էլ Բլիշայի սարերի ետևը ընկղմելով, խավարի ու մթության մեջ թողեց վշտահար և հուսակտուր սազեցի մշակներին․․․

9

Էլ հույսը բոլորովին կտրվել էր։ Արդեն մի ամբողջ շաբաթ անցել էր կարկտի օրից, և արևի ջերմությունը, գիշերվա ցողը, հողի ուժը չէին կարողացել փշրված և տափակացած ցորեն ի ու գարու եղեգները բարձրացնել։ Մինչև անգամ որպես խոտ կամ դարմանցու չէր կարելի քաղել արտերից, որոնք օրեցօր փչանում էին։ Գյուղացին մնացել էր ձեռքերը ծալած, ո՛չ հորում ցորեն, ո՛չ ամբարում ալյուր և ո՛չ էլ տաշտում հաց ուներ։ Սովի սոսկալի պատկերը յուր քստմնեցուցիչ տեսարաններով նկարվում էր շինականի մտքում և նա դողդողում, սարսռում էր, մտածելով չարատանջ աշնանը հաջորդող տաժանելի ձմռան մասին։

Պարբերաբար քաղցին ու տկլորությանը դիմադրող հողագործը վարժվել էր չարքաշ կյանքին և ամեն միջոց գործ էր դնում միշտ, մի կերպ յոլա գնալու ներկա տագնապում, բարեհաջող ապագայի հուսով։ Եթե ցորեն-գարին անգութ հարստահարիչները, վաշխառուները և կամ բնության ավերիչ ձեռքը խլում, փչացնում է, շինականին մնում էր յուր անասունների նման բույսերով, վայրի խոտերով և սրանց արմատներով կերակրվել։ Ինչպես մուկը կտրում է, փչացնում է մարդու դառն աշխատանքով ցանած ու աճեցրած ցորենն ու կրում իրենց համար գետնի տակ, այս ու այն կողմն ամբարում, ձմռան թքին իրեն պաշար պատրաստում, այդպես էլ մարդիկ բահ ու փետատ ձեռք առած, ընկնում են հանդի մեջ մկների ժողոված ատոլն ու կոճղեզը իրենց տունը կրելու։ Բայց այս բույսերով որքա՞ն էլ առատ լինին, ապրելն եթե անհնար չէ, անտանելի է։ Էլի պետք է աշխատել, ընկնել դեսուդեն և քիչ ալյուր, ցորեն, կորկոտ ձեռք ձգել և քչից-շատից տան թթխմորը գոնե չպակսեցնել, առանց որի հայ գյուղացին չի կարող ապրել։