Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տատանվելուց և սովորական խոսակցությունները կատարելուց հետո ասաց Վարդևանը.

— Մանուկ աղբա՛ր, վաղը քու աղադ՝ շեյխը, գեղ պիտի գա՞։

— Այո՛, նա ինձ այսօր խաբար էր արել։

— Ուրեմն այգվան անպատճառ կգա՞։

— Եթե մի արգելք չլինի։

- Գիտե՞ս ինչ կա, ես ուզում եմ դրանից մի տասնևհինգ լիրա վերցնել և այդ Մեղրենց լակոտների գործը վերջացնել։ Դու մեկ դրան կամաց իմացուր և տես, թե գլուխ գալու բան է՝ գամ ու վերջացնենք։

— Բայց նա առանց գրավականի և դաշնագրի չի տալ։

— Այդ էլ կտամ, ճարս ի՞նչ է… Փոխանակ թողնելու, որ աճուրդով ծախվի և այն անգութ արյուն ծծողների ձեռքն անցնի, ես ինքս գրավ կդնեմ։ Գուցե բախտս բերեց, պարտքս կտամ և կայքերս կազատեմ… Թե ո՛չ, ավելի լավ է շեյխի ձեռքն անցնի և Շխնոցը շեյխին բաժին դառնա, քան թե այն տուն քանդող, օջախ կործանող Գևորգ աղան տիրե իմ կայքերիս։ Հազար անգամ լավ է շեյխին մարաբա դառնալը Գևորգ աղային ստրկանալուց։

— Դրան կարիք չկա, մանավանդ որ շեյխը հոգվով կպած է գործի և ոչ ոքի չի թույլ տալ, որ յուր մարաբային կեղեքե, այն ինչ Գևորգը, ինչ էլ որ լինի, էլի մի հայ է և կողոպտման ենթակա։ Լավ, ես առավոտ կխոսեմ ու քեզ կկանչեմ։

Հետևյալ օրը, ճաշից առաջ, Մանուկը կանչել տվեց դրացուն և ներկայացրեց յուր աղային։ Շեյխը Վարդևանին ոտից– գլուխ քննելուց հետո ասաց.

— Տղա՛, փող ես ուզել, նեղության մեջ ես եղել, այդ անօրեն Գևորգը քեզ էլ յուր թակարդն է գցել։ Բայց ինչ օգուտ, փող չունիմ քեզ տալու։

— Աղա ջա՛ն, դու գիտես, օջախդ եմ ընկել, դու պիտի ինձ ազատես։ Տասնևհինգ լիրայով ինձ գերությունից կազատես։

— Ես փող չունիմ, այսինքն՝ հիմի ազատ փող չունիմ, բայց տասնևհինգ օրից, մի ամսից հետո կարող եմ տալ, ոչ թե տասնևհինգ, այլ հիսուն, հարյուր, որքան որ ուզես։