Էջ:Collected works of Atrpet.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աղա ջա՛ն, քեզ մատաղ, քու զավակներիդ մատաղցուն հաշվելով, փրկի՛ր ծառայիդ մանր ու խոշորին այս գերությունից։ Որ կամենաք, կարող եք գտնել… Ի՞նչ դժվար է քեզ համար տասնևհինգ կամ երեսուն լիրա գտնելը։

— Ես մարդու դուռ չեմ գնալ և ոչ ոքից փող չեմ խնդրիր Եթե ուզում ես, կարող ես համբերել, մի չորս-հինգ օր հետո եկ քաղաք և եթե պատրաստի փող ունենամ՝ կտամ, չեմ խնայիլ. միայն գրավականով և ապահովությամբ։

— Ինչպես կամենում եք, ես պատրաստ եմ բոլոր կայքերս ձեզ մոտ գրավ դնել։

— Քու քոչաններդ (կալվածագիր) որտե՞ղ են, նրանք վեր առ և բեր։ Մինչև օրինական դաշնագիր չկապես, մինչև բոլոր քոչաններդ չհանձնես ապահովության, չեմ տալ։ Տոկոսն էլ օրինական, ես ձեր հայերի նման անխիղճ չեմ, մեկին տասը չեմ առնիլ, իմս հարյուրին քսանչորս, որոշ, կտրական, ոչ ավել և ոչ էլ պակաս։ Խոսքս էլ տղամարդու խոսք, ինչպես կտամ, այնպես կկատարեմ, ինչպես խոսք առնեմ, այնպես էլ խիստ պահանջում եմ։ Օրը-օրից չեմ անցկացնի, որոշյալ ժամին ու ժամանակին ետ կպահանջեմ։ Ինչպես տալուց երես չեմ դարձնիլ, այնպես պահանջելուց չեմ վախենա, չեմ կասկածի և չեմ մեղմանա։ Պայմանիցս մի մազ անգամ չեմ շեղվիլ և սկզբից գեշ մարդ կլինեմ, ճշմարիտը կհայտնեմ, որ ապագայում ո՛չ թե ես, այլ ինձ հետ գործ բռնող պարտազանց գտնվողը ամաչե և լեզուն չհամարձակվի առաջս շարժելու։ Ուզում ես, ա՛ռ, չես ուզում, մի՛ առնի։ Խելքդ կտրում է, մոտեցի՛ր փողերիս, թե ո՛չ, հեռու կեցիր ինձանից, որովհետև ես խոստումնադրուժի գլուխը կփշրեմ։

— Մարդն էլ այդպես է պետք, աղայի պարտականությունն էլ այդ է, որ ճշմարտությունը սկզբից խոսի և շողոքորթ շարժումներով ու խոսքերով չխաբե իրեն դիմողին։

— Ուզում ես, տա՛ր, չես ուզում՝ մի՛ տանիլ։ Որքան ժամանակի ուզում ես, այժմվանից որոշիր և հաշիվդ լավ քննե, որ վերջը չզղջաս,— ասաց խրոխտ նայվածքով շեյխը, ջանալով դեմքին աղայական միմիկաներ տալ։

Արդեն ժամանակն էր, Վարդևանը հեռացավ, հուսադրված