Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վարդևանին համոզել, յուր անմեղությունը հավատացնել։ Առավոտից մինչև իրիկուն լացեց թշվառ մայրը, երդվեց, ողբաց ու սգաց, բայց Վարդևանը անհողդողդ մնաց յուր կարծիքի մեջ։ Մանուկն էլ փնտրում էր յուր Մնացականին, բայց չէր համարձակվում մոտենալ յուր հարևանի դռանը։ Վերջապես երկու խնամիներն էլ մոռացան անցյալը և սկսեցին միջոցներ ձեռք առնել, որոնելու և գտնելու տարփավորներին։ Գյուղ-քաղաք, չորս կողմը մարդիկ սփռեցին, որ գտնեն իրենց կորուստը, բայց ոչ մի կողմից տեղեկություն, բացատրություն չեղավ, այնպես որ ամբողջ շաբաթն անցավ և չհայտնվեցավ, չիմացվեցավ սիրահար փախստականների հետքը։ Սազում, Օվայում գյուղ չմնաց, որ չորոնեին, Բասենից, Թորթումից ու Դերջանից անհույս վերադարձան փնտրողները և բավական չէր քաղցի, ցրտի և պարտքերի մեջ նեղվիլը, Վարդևանին պետք էր ևս հալումաշ լինել Գարանի հետ իրենց փախստականների համար..․

II

Անցավ տասնևհինգ օր, անցավ և ամիս, բայց Վարդևանն ու Մանուկը իրենց զավակների տեղը չիմացան։ Եթե ձեռքերում մի քանի սև փող էր ընկնում, ախոռներում գառից, հորթից և հավից ինչ էլ որ ունեին, ծախում էին և փողը փոստի, հեռագրի և մասնավոր անհատների վրա ծախսելով, անցկացնում էին օրերը։ Սառնամանիքը օրեցօր սաստկանում էր, բուքն ու թիփին չէին կտրվում, սրանց հետ միասին չունևորությունը տանջում էր գյուղականին։ Արդեն երեք ամսից ավելի էր, որ ո՛չ մի փարա փող, ոչ էլ նամակ էին ստացել Գեդևոնից ու Մելքոնից։

Բավական չէր, որ քաղցից ու բքից տանջվում էին Վարդևանն ու հարանը, մանր պարտատերերն էլ նրանց դադարումը կտրել էին։ Օր չէր անցնիլ, որ հինգ-տասը մարդ չկտրեր նրանց դուռը և փող չպահանջեր։ Էլ ո՛չ պատիվ էր մնացել, ո՛չ էլ երեսի ջուր, խոսքի էլ հավատ չէին ընծայում, երդումի