անցյալը, մոռանաք մեր պատճառած բոլոր սրտմաշուք կսկիծները և օրհնե՛ք մեր ամուսնությունը։
«Գյուղից հեռանալով մենք Բասենի վրայով եկանք հասանք Վարաուրղան մի օրվա մեջ, այնպես որ երկրորդ օրը առավոտյան անցնելով ռուսական սահմանը, մենք արդեն ապահովված համարեցինք մեր կյանքը։ Հայրի՛կ ջան, ապրի՛, շատ ապրի մեր Ֆաթման մատյանը, նա կարծես զգում էր, որ մենք շտապում ենք փախչել ու ազատվել Շխնոցից, թուրքերից և աղաներից, փշրել մարաբայության շղթան, դրա համար էլ թռչում էր, թռչկոտում էր մինչև մեզ տեղ հասցնելը։ Բայց ցավում եմ, սիրտս կտրտվում է, որ ես պարտավորվեցա այդ մատյանը ծախել Բաշ-քյոյի քեհյային և նրա գնով կաշառել տեղի տերտերներին, որ մեզ պսակեն։ Առանց ձեզ մենք պսակվեցինք Բաշ-Քյո։ Խնդրում ենք օրհնեցեք մեզ, ներեցե՛ք մեր կամապաշտությունը և թողություն տվեք։
«Հարյուր ռուբլով ծախեցինք Ֆաթմայիս, բայց երկու հարյուրից ավել կտային, եթե մենք անցագիր ունենայինք, վախ չունենայինք գյուղապետից։ Լավ էր, այդ փողից մի քառասուն ռուբլի ետ պահեցինք, որով երեք ամիս գյուղերում գլուխներս պահելուց հետո, եկանք Ղարս և ահա քսան օր է Վարսում տուն բռնած աշխատում և ապրում ենք։ Գիտեմ, հայրի՛կ, շեյխը Ֆաթմայի համար քեզ շատ է տանջելու, շատ է զրկանքների մատնելու, բայց ի՞նչ անեմ, առանց Ֆաթմայի ո՛չ կարող էի Մարգարիտիս փախցնել, ոչ էլ գլուխս պահել ճանապարհին հետևիցս ընկած ստոր զապթիեներից և քուրդ ավազակներից։ Այդ ձիու գինը մեզ փրկեց, օրինական պսակին արժւսնացուց և այս օտար երկրում մեզ ապրուստ տվեց երեք ամիս ավելի, մեկ խոսքով՝ մեզ նորից գնեց։
«Դուք գիտեք, որ մենք ճարահատ դիմեցինք այս միջոցին, եթե դուք օրհնեիք մեր ամուսնությունը, եթե Վարդևան ապարը դեմ չկենար մեր միացման, եթե մենք մարաբայության ենթարկված չլինեինք, հայտնի բան է, այս բոլորը չէր կատարվիլ, բայց մեր վիճակը մեզ ստիպեց ոչ միայն ձեզ զայրացնոլ մեր փախուստով, այլև ձեզ նեղության ենթարկեք Ֆաթմայի՝ մատյանի, պատճառով։ Հաշվի՛ր, հայրի՛կ, թե ինձ