Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սուլթանի շնորհած օրենքների հակառակ բռնություններ կատարե, մարդ մտրակե, արյունլվա անե։ Այս ի՞նչ խիղճ է, այս ի՞նչ կարգ է, որ սուլթանի պաշտոնականը նրա հրովարտակների հակառակ շարժվի։ Ես, աղա, հիմա գնալու, բողոքելու եմ վալիին, հեռագիր եմ տալու սադրամազին… Ես այս անարգանքը չեմ կարող տանել… ես…

— Անհավատին նայի՛ր, անօրենին մտիկ տո՛ւր, մեզ օրենք պիտի սովորեցնե,- ասաց մտրակելով զապթիեն, սարսափ սփռելով քեհյայի, գզիրի ու գյուղացիների վրա։- Անհավատ հաստակոցե՛ր, մինչև չմտրակեն, մինչև որ թոփուզը ձեր գլխին չտան, պարտքերդ չեք վճարիլ։

— Աղա, խոսք հասկացրեք այս զապթիեին, լսեցեք, ի՞նչ եմ ասում, հետո վճիռ տվե՛ք, ինչ անելու եք արեք։

— Օսմա՛ն,- ասաց գործակալը զապթիեին և նշան արավ, որ դադարի…

— Աղա՛, դուք տեղեկություն չունի՛ք, սրանք տերության պաշտոնականներին դիմադրելու համար հոգի են տալիս։ Խելքերը, մտքերը մեզ ընդդիմանալու հետ է,- ասաց զապթիեն և ետ քաշվեց, սպասելով տիրոջ ակնարկին։ Վարդևանը մոտեցավ և ասաց աղային․

— Դուք ինձանից ի՞նչ եք պահանջում։

— Քեզանից պահանջում ենք յոթ լիրա և քսան ղուրուշ։

— Պատճա՞ռը, ես քանի՞ հոգի ունիմ, խնդրում եմ, կարդացեք ցուցակը։

— Անհավա՛տ, կարծում ես քեզանից ավել են պահանջո՞ւմ, ինչ որ գրված է տոմարում, այն էլ պիտի տաս։ Տասնմեկ հոգի եք (նուֆուզ—շնչավոր) և որպես համբրա կորածների և աղքատների համար էլ մի գումար, մի նուֆուզի փող ավելի պիտի տաք, վաթսուն ղուրուշ, գումարը յոթ հարյուր քսան ղուրուշ։

— Ախր ես երեք շնչավոր (նուֆուզ) ունիմ, ինչի՞ պիտի տասնմեկ հոգու հարկ տամ։ Ախր գութ ունեցե՛ք։ Հավատի կրոնի կեսը խիղճն է կազմում։ Երեք հոգու փոխարեն ես ինչի՞ պիտի տասներկու հոգու ջեղիեն տամ։ Ես եմ ու իմ երկու որդիքս։