Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայտնի չէ, բայց նույն գիշերը մի լավ մուշտակ գնեց Քյալաշը Մամոյի համար, հանեց նրա հագի փալասներն ու չլերը, նոր լաթերով զուգեց, զարդարեց և առաջ ընկած տարավ ղայմաղամի մոտ։ Ղայմաղամը Քյալաշի խնդիրը չմերժեց ու նրա ծրագրի համաձայն մի թուղթ գրեց վալիին, հայատնելով որ անհրաժեշտ էր մի օգնական ունենալ Թեմրա նման հարյուր քսան տնվոր հայ գյուղում, որը մի երկու տասնյակ հայ գյուղերով էր շրջապատված։ Նամանավանդ որ, այդ օգնականը ծանրանալու չէր գանձարանի վրա, Մամո բեգը առաջարկում էր յուր պատրաստակամ ությունը անվարձ ծառայելու խալիֆին ու երկրին։ Ղայմաղամի առաջարկությունը այնպիսի ձև ուներ, որ վալին չկարողացավ մերժել և մի ամիս չանցած վիլայեթի մեջլիսի (ժողով) կողմից հրամանագրեց ղայմաղամին հանձնել Մամոյին Թեմրանի և շրջակա գյուղերի վերատեսչության պաշտոնը։

Ղայմաղամը վալիի հրամանը ստանալուն պես կանչել տվեց Թեմրանի և մոտակա գյուղերի քեհյաներին, նրանց առաջ կարդաց վալիի հրամանը և Մամոյին հրավիրեց օր առաջ ստանձնել յուր պաշտոնը։ Թշվառ գյուղացիք անճրկեցան մնացին, երբ նկատեցին իրենց հոգևոր և մարմնավոր ներկայացուցիչների կնիքները վալիից ուղարկված հրամանի տակ։

Բ

Մի քանի օրից հետո Մամոն յուր երեք ձիավոր ծառա-ավազակ ընկերներով, զրահավորված հրացաններով եկավ, մտավ Թեմրան և, հայտնի բան է, իջավ Քյալաշի տունը։ Մամոյի ձիավորների փայլուն զենքերը, երկար նիզակները, սրածայր քյուլահների վրա փաթաթած լայն չալմաները և սրարշավ ընթացքը սարսափեցրին թե թեմրանցիներին, որոնց ծերունիները իրենց քեհյա Մինասի հետ դեռ ետ չէին եկել ղայմաղամի մոտից։ Քյալաշը սուտ էշ էր դարձել և իրեն այնպես էր ձևացնում, իբր թե այս անցքերից բոլորովին անտեղյակ էր։ Փետրավարի մեջ, գյուղացիների տանը պարապ նստած ժամանակներն