Էջ:Collected works of Atrpet.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր հանդգնում առաջարկել յուր նախանձորդ, գոռոզ hարևան բեգերին, որոնք իրեն ջինգյանությանը, մուրացկանությանը ականատես էին եղել։ Նա պարտավորված էր այս գործի թնջուկն էլ Քյալաշ քեհյային առաջարկել լուծելու, բայց ջինգյանայի սրտում մի այնպիսի գաղտնիք կար, որ անկարելի էր պարզել։ Դեռ Քյալաշ քեհյայի տանը ապրելիս, մի ինչ-որ միտք ժամերով ջինգյանային զբաղեցնում էր։ Ամեն անգամ դռները բացվելիս նրա աչքերը իսկույն ուղղվում էին անցող-դարձողների վրա և միշտ նրա սրտի խորքերից մի ծանր հառաչ էր բարձրանում, որը թեև խորամանկ քուրդը խեղդում էր բերանի մեջ ատամները և շրթունքները սեղմելով, բայց չէր կարողանում բոլորովին ծածկել իրեն շրջապատողներից։ Հուսախաբ հայացքը իսկույն մատնում էր նրան և մտածմունքի նյութ դառնում իրեն շրջապատողներին։ Իսկ նորաշեն սարայը տեղափոխվելուց հետո նա օրվա մեծ մասը անցկացնում էր պատշգամբում և հայացքը ուղղած դիտած գյուղի անցուդարձը։

Այդ օրերը մի շրջաբերական էր եկել վալիից Մամոյին Բալուի մոտերքը Սև ջրի ափերում երկու ամիս առաջ կատարված մարդասպանության և ավազակության մասին, որի մեջ հրամայված Էր բոլոր ծառայողներին ամեն միջոց գործ դնել ավազակների հետքը գտնելու համար։ Վալին այդ ավազակներին գտնողին խոստանում էր ոչ միայն պատվանշան, այլև կանխիկ փող՝ հարյուր ոսկի։ Այդ սպանության գործը նույնպես քիչ չէր զբաղեցնում Մամոյին, որը սաստիկ երկյուղի մեջ էր։ Երբ այդ մտածմունքները սաստիկ տխրեցնում էին Մամոյին, իսկույն կանչել էր տալիս յուր միակ բարեկամ Քյալաշին, որը յուր խորհուրդներով հուսադրում և ցրում էր նրան տանջող տխուր մտքերը։

— Գիտե՞ս ինչ կա, նոր բան եմ իմացել,- ասաց մի օր քյալաշը Մամոյին՝ ներս մտնելով։

— Ի՞նչ։

— Շատ հետաքրքիր բան։

— Ախար ի՞նչ է պատահել,- ասաց անհամբեր կիսազայրալի