Էջ:Collected works of Atrpet.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աչքերին, վզերը, ծռած, սկսեցին դիտել, թե ինչպես շղթայակապ, անարգանքներով, մտրակելով զապթիեները տանում էին իրենց սիրելի քեհյային դեպի քաղաք։ ժամերով կանգնած դիտեցին նրա գնացած ճանապարհը ու հառաչեցին։ Նրանցից ոչ ոք չհամարձակվեց մոտենալ, երկու մխիթարական խոսք ասել, քաջալերելու այն անմեղ մշակին, որը կյանքը թշվառներին մխիթարելով էր մաշել։

Դատախազի անունը սարսափ էր սփռել գավառում, նամանավանդ այն ժամանակ, երբ դեռ նոր էր հաստատվել այդ պաշտոնը Քրդահայաստանի գավառներում։ Նրանց անսահման իրավունքներրը առասպելականացնում էին, մինչև անգամ Արզրումի վալին՝ Ֆոսֆոր Մուստաֆա փաշան, մի անգամ ժողովում դատախազների իրավունքների մասին խոսելիս վերիններին նմանեցրել էր ենիչերիական շրջանի հայթաներին, որոնք դատավորների, փաշաների և կրոնականների վճիռները քանդում, փոխում էին իրենց քմքի համաձայն։

Այս խառնաշփոթությունները վերջացնելուց հետո Մամոն թեմրացիներից հինգ-տասը ծերեր հավաքեց, որ նոր քեհյա ընտրեն։ Գյուղացիք բեգին դուր գալու և չարություններին վերջ տալու հույսով ընտրեցին Քյալաշին, որը նախապես մի քանի ծերերի խոստացել էր ութ-տասն օրից հեռացնել տայ Մամոյին գավառակից։

Այս ընտրությունը թեև բոլորովին Մամոյի քեֆով չէր, բայց առժամանակ ստիպված էր լռելու, մինչև հաջող առիթի ներկայանալը։

Քննիչի և դատախազի օգնականին լավ փեշքյաշներ տալով ճանապարհ դրեց Մամոն, որոնք վերջինիս խոստացան իրենց պատրաստակամությունը՝ հարկավոր դեպքում ծառայելու։

Ժ

Քյալաշը, դեռ չհաստատված յուր պաշտոնի մեջ, մի փոքր վեճ ունեցավ Մամոյի հետ։ Բեգն առաջարկել էր Քյալաշին յուր աղբյուրի մոտի փոքրիկ մարագն ու ախոռը բնակության