Էջ:Collected works of Atrpet.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար Սուլոյին տալ։ Նորընտիր քեհյան էլ, գյուղացիների աչքը կապելու և նրանց զայրույթն ու ատելությունը կրկին չբորբոքելու համար ուզում էր հակառակվել և չթողնել, որ օձը բուն դնե գյուղի սրտի մեջ։ Բայց այդ ընդդիմությունը էժան չնստեց Քյալաշին, նա փափագած պաշտոնում հաստատվելու և Մամոյի սիրտն առնելու համար ստիպվեցավ բաշխելու Սուլոյին ոչ միայն պահանջված կայքերը, այլև մի լուծ եզ և մի սարք արոր։ Քյալաշի այս հակառակությունը նոր մտքեր ծնեցրին Մամոյի գլխում։ Նա հեռու տեղերից երկու-երեք աղքատ քուրդ հովվական ընտանիք հրավիրել տվեց իրեն խաշները արածելու և գյուղացիներին ստիպեց, որ դրանց համար էլ տուն լինեն և իրենց հողերից բաժին հանեն վարուցանքի համար։ Մամոն էլ Մինասին բանտից ազատելու հույսեր տալով և խոստումներ անելով, նրա եղբայրներից նախապես մի լավ տուն վարձ ստացավ»։

Բայց ո՛չ սարայը, ո՛չ նրա ճոխ կահ-կարասիները, ո՛չ ախոռում կապված նժույգները, ո՛չ էլ գյուղական հարս-աղջիկները չէին կարողանում գրավել Մամոյի աչքերը։ Նա պատշգամբից անդադար երբեմն դիտում էր Թեմրանի շրջապատի ընդարձակ տափերը, Ամիրխան քեհյայի թողած ջրարբի հանդերն ու հանդաստանները, այգիներն ու ջրաղացները, երբեմն էլ աչքերը դարձնում էր նրանց չարդախում բանի-գործի ետևից վազող Անթառամին, որն արշալույսից մինչև կեսգիշեր անգուլ շրջում էր բանանողների գլխին, եփում, թափում, մաքրում, րոպեն զուր չէր կորցնում։ Շատ անգամ Մամոն այնքան անշարժ, անթարթ աչքով նայում էր մի առարկայի վրա, որ տեղն ու տեղը թմրում, մրափում, մնում էր, մինչև որ Սուլոն և ընկերները գալիս, թևն ընկած տանում էին անկողին դնում: Իսկ չիբուխը աֆիոնի փշրանքով ծխած օրերը, ութ-տասը ժամ դիակի նման անշարժ տարածվում էր բազմոցների մեջ և երազներով հյուրի-մելեքների հետ ժամանակն անցկացնում։

Անթառամին ձեռք բերելու և մանավանդ Ամիրխանենց կայքն ու կարողությունը հափշտակելու տենչով վառված, Մամոն գիշեր-ցերեկ մտածում էր մի կերպ Քյալաշի գոյությունը ոչնչացնել, որը յուր նպատակին հասնելու ամենամեծ արգելքն