էր կազմում։ Նա ամեն օր անզգալի կերպով տանջում էր Քյալաշին, որը թեև սրտի խորքում սաստիկ բորբոքվում էր, բայց դեմքի վրա ծիծաղ ու ժպիտ կեղծելով, անցկացնում էր օրերը, հարմար առիթի սպասելով։ Քղիի ղայմաղամը Քյալաշին թեև երկու անգամ խոստացել էր շուտով հեռացնել տալ Մամոյին յուր պաշտոնից, բայց գործը օրեցօր հետաձգում էր, պատվիրելով միանգամայն համբերությամբ տանել ամեն բան, մինչև պատեհ առիթի ներկայանալը:
Բայց տարաբախտաբար Քյալաշի բարեկամին՝ Քղիի ղայմաղամին էլ փոխեցին և նրա տեղը նշանակեցին մի պոլսեցի երիտասարդի, որի հետ Մամոն շատ զվարճալի օրեր էր անցկացրել Արզրում եղած ժամանակ։ Այս փոփոխությունը հուսակտուր արավ Քյալաշին։ Նա թեև ոչ ոքի մոտ չէր զիջանում խոստովանել յուր հանցանքը կամ զգացած վիշտը, բայց ցավը ներսից նրան տանջում, մաշում էր։ Տանջվում մաշվում էին Քյալաշի հետ թեմրանցիք Մամոյի և նրա ընկերների սոսկալի ճնշումների տակ…
— Քյալաշ քեհյա,— դողդողալով ասաց նրան մի օր գյուղի ծերերից մինը,— այս մեր վերջը ո՞ւր է հասնելու…
— Աստված ողորմած է, Օհան աղբար, մի լույս կհասցնե, մի՛ դարդ անիլ…
— էլ ո՞ր օրն է հասցնելու, երբ տաշտումը թթխմոր անգամ չմնաց, բնկալումն էլ՝ հավկիթ… Ցանքսի ժամանակ է, սերմ էլ չունենք ցանելու։
— Օհան ամի, մի՛ նեղանա, տղերքը մեր տուն ուղարկե, թող հինգ-վեց կարաս ցորեն տանեն, կալոցին ետ կդարձնեն…
— Այդ ինձ տվիր, դրկցիս տվիր, լավ, բան չեմ ասում, հապա այս հարյուր քսան տանը որտեղի՞ց պիտի հասցնես։ Մի ծաղկով գարուն չի գալ…
— Նրանք էլ մի ճար կանեն, մեկ այս երկու-երեք ամիսն էլ յոլա գնանք, հույս ունիմ, որ կազատվենք…
— Այդպես զուր հույսերով ոչինչ չի դուրս գալ, մենք մեզի ենք խաբխբում… Մանր ու խոշորը դարաքաշ տանջանքներով բավական չէր, որ մաշվեցան ու հալվեցան, հիմի էլ սովը նրանց կկոտորե, կպրծնենք։ Այդ անօրենը գեղ մտնելուց