Էջ:Collected works of Atrpet.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո հանգստություններս կտրվեց հերիք չեր, հիմի էլ քղեցիների պես մեր երիտասարդները տուն, տեղ, կնիկ, երեխաներ թողած պանդխտության ճանապարհ ընկան։ Այսօր Մինասենց Սաքոն էլ Սթամբուլ է գնացել․․․

ԺԱ

Բավական չէր Քյալաշի ներքին տանջանքը, նրան ավելի հուզում էին Անթառամի անվերջ նախատինքներն ու կշտամբանքները։ Թշվառ կինը շուրջը կատարված անթիվ անգութ տեսարաներից զգացված, վշտի սաստկությունից բորբոքված, հարբածի ու խելագարի նման անխնա ամեն օր կծու ու սուր խոսքերով ծակում էր Քյալաշի սիրտը, մերկացնելով նրա անարգ և ստոր ընթացքը։

Անթառամը, դիտելով Մամոյի աչքերը, արդեն վաղ էր զգացել։ Թե ի՜նչ մտքեր էր որոճում անօրենը և այդ բանը ուղղակի կերպով մի քանի անգամ հայտնել էր ամուսնուն, իսկ վերջինս չհասկանալ ձևացնելով, միշտ լռել էր այդ կետի վերաբերմամբ։ Մինասի աղջկա նկատմամբ Մամոյի սառնասիրտ վարվելու պատճառը մասամբ թեև նախազգացել էր Քյալաշը, բայց երբեք չէր կարողանում համոզվել, որ այնքան ապերախտ կլինի յուր բարերարը։ Իսկ վերջերքը, ղայմաղամի փոխվելուց հետո, երբ լսեց ու դիտեց, թե ինչպես ազատ անօրենը գիշեր-ցերեկ թափառում էր յուր տան շուրջը, ամոթից ու երկյուղից չհամարձակվելով վիշտը արտահայտել, ընկավ մելամաղձոտության մեջ և սկսեց առանձին թափառել օրվա մեծ մասը գեղի շուրջը, գետափի մոտ և ծառերի շվաքի տակ, այնպես որ խույս էր տալիս մարդու երես տեսնելուց։ Այն աստիճանի հասավ, որ գեղի պառավներն ասում էին, թե աստված պատժեց անմեղներին, որբերին ու այրիներին տանջել տվողին։

Մամոն ամեն բան դիտում էր և հրճվում։ նա վերջապես հույս ուներ, որ շուտով կհասնի յուր նպատակին։ Բռնությամբ թեև նա կարող էր անմիջապես մտնել ու հափշտակել Անթառամին, բայց նա խոհեմությամբ էր ուզում գործ բռնել, դրացիների