Jump to content

Էջ:Collected works of Atrpet.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու մեծավորների աչքը կապել և իրեն անմեղ ձևացնել: Թեև գիտեր, որ երբեք չէր զիջանիլ Անթառամը ջինգյանայի կին դառնալ։ Ամիրխան քեհյայի կարողությունը նրա ձեռքը գցել, բայց համոզված էր նույնպես, որ առանց մեծ դժվարությունների կարող էր խեղդել մի անտեր կնոջ ձայնը։

Այս մտածություններով մի օր Մամոն աննկատելի կերպով սողաց, մտավ Ամիրխան քեհյայի տուն և Անթառամին գտավ յուր առանձնարանում սև օրը սգալիս։ Երկյուղն ու սարսափը հանկարծ տիրեց թշվառ կնոջ, որի լեզուն կապ ընկավ, ուշքը անցավ, մորեցավ․․․ Մամոն աղախիններին կանչեց և հրամայեց, որ շուտով ուշքի բերեն տիկնոջը, իսկ ինքը համարձակ հեռացավ։

Այս անցքը մի քանի րոպեում տարածվեց գյուղի մեջ և ամեն բերան վայ տվեց յուր գլխին, որ դեռ էլի ապրում է՝ այդպիսի սև օր էլ տեսնելու համար։

Այս բոլորի վրա պետք է ավելացնել այն անկարգությունները, հափշտակությունները, գողությունները և հայտնի լիքը առաջարկությունները, որոնք կատարվում էին Մամոյի ընկեր Սուլոյի, Հասոյի և սրանց ազգականների ձեռքով գյուղում ու գավառում։ Հուսահատեցրել էին թշվառ ժողովրդին, այնպես որ գյուղացիներից շատերը պանդխտության էին դիմել Սթամբոլ ու Թիֆլիս՝ սովից իրենց ընտանիքը ազատելու: Շատերն էլ իրենց հողերից զրկված և Մամոյի ընկերների հետ թշնամացած լինելով, թողնում էին իրենց սիրելի հայրենիքը, ընտանիքով դիմում օտար աշխարհ։

Այս բոլորին մի ճար անելու, կործանումից ազատվելու և անօրեններին էլ գեղից հալածելու համար մի քանի փորձառու ծերեր իրար հետ գաղտնի վշտակցելուց հետո որոշեցին մի գիշեր խորհուրդ կազմել։ Ժողովին կանչված էին միայն քսանի չափ ազդեցիկ և ամբողջ գավառին սիրելի մարդիկ։

ժԲ

Բարեկենդանի երկուշաբթի գիշերը, ուշ ժամանակ ծերերը հավաքվեցին Մինասենց օդան՝ խորհրդի: Գիշերը, որ անցյալ