Էջ:Collected works of Atrpet.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տարիներում միմիայն կերուխումի և ուրախության էր հատկացրած, կարմրացրած գառի մսի, հավի, սագի, բադի ու հնդկահավի, փլավի ու քյաշկակի տեղ՝ գարու ալյուրից խավիծ ու փոխինձ էլ չէին գտել անատամ ծերունիները փորները կշտացնելու։ Թթի արաղի, Խարբերդի գինու տեղ մածնի չախլամա էլ չէին կարողացել խմել։ Հեքիաթներ ասել տալու, տաղեր երգել տալու, սազ ու սանթուր ածել տալու, պար բռնելու փոխարեն սև սուգերը պատած մռայլ դեմքով նստոտել էին ծալապատիկ իրար դեմ և ոչ ոք սիրտ չէր անում խոսք բաց անելու։ Սենյակում թագավորում էր տխուր լռությունը, միայն օջախում վառված փայտի բոցերից առաջացած վշտաբեր սուզումը, հանկարծակի ահագին ճայթյունները և երբեմն-երբեմն ստերից բարձրացած սրսփացնող տժտժոցը խանգարում էին նրան։ Այդ մեռելային դրությունը ավելի սաստկացնում էր ծերերի վիշտը, որոնք մասամբ այդ ցավերը չզգալու համար անընդհատ լցնում էին իրենց չիբուխների լուլաները Մուշի դաշտից ստացած կոնտրաբանդ ծխախոտով և ագահաբար ծխում։

Հյուրերը տերտերին էին սպասում, բայց տառապյալներին մխիթարելու կանչվածը Մամո բեգին էր զբաղեցնում նորաշեն ապարանքում յուր շողոքորթություններով։ Տերտերը թեև գյուղացիներին մուննաթ էր անում, թե գիշեր-ցերեկ բեգի առաջ քծնում, աշխատում էր նրա սիրտը գրավել, որպեսզի խղճա, գթա, ողորմի նրանց և թեթևացնի ծանր լուծը, բայց բուն նպատակը բեգի միջոցով Քյալաշի ձեռքից իրենց այգուն կից մի արտը գրավելն ու եղբորը քեհյայության աստիճանին բարձրացնելն էր։

Մամոյին էլ արբանյակ էր պետք, հոգևորականից էլ լավ գործակատար խո չէ՞ր կարող գտնել, անխնա մեծ-մեծ խոստումներ էր անում և հույսեր տալիս։

- էլ ի՞նչ եք սպասում,− ասաց ծերունի Օհան աղբարը,− երևում է, որ էլ նա չի գալ… Ինչ որ ունիք խոսելու, սկսեցեք, էլի մենք մեր գլխի ճարը տեսնենք, թե չէ մեծատունն ու հոգևորականը իրենց գլխի դարդը թողած, խեղճի ու անճարի հոգսը չեն քաշիլ։

− Այսպիսի օր, երթ արյուն-արտասուք է թափում թշվառ